ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք
Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք
Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք

Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքը Թոքաբանության ազգային կենտրոնում  գործում է վերջինիս հիմնադրման օրվանից: Բաժանմունքը զբաղվում է արտաթոքային տուբերկուլոզի, մասնավորապես՝ հենաշարժական համակարգի, ավշահանգույցների, մենինգիտների, միզասեռական համակարգի, որովայնային տուբերկուլոզի ախտորոշմամբ և բուժմամբ: Տուբերկուլոզի բուժումն այստեղ իրականացվում է ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական մեթոդներով: Այստեղ կատարվում են հետևյալ տիպի վիրահատություններ՝

  • ռադիկալ,
  • ռադիկալ-վերականգնողական,
  • դեկոմպրեսիվ տեսակի  լյումբոտոմիաներ,
  • կրծքավանդակի հատում (թորակտոմիա)՝ կողերի մասնահատմամբ,
  • դիմակողմնային սպոնդիլոդեզներ,
  • ողնաշարի ոսկրապլաստիկ ֆիքսում,
  • թարախակույտերի, խուղակների, պառկելախոցերի վերացում,
  • քայքայման օջախների, թարախակույտերի դրենավորում և այլն:

 

Անհրաժեշտության դեպքում կատարվում  են նաև տարբեր տեսակի պունկցիաներ՝ գոտկային, որովայնային, հոդային՝ համապատասխան հյուսվածքաբանական հետազոտություններով ինչպես տուբերկուլոզային, այնպես էլ՝ ոչ տուբերկուլոզային հարուցիչների նկատմամբ:

Այս բաժանմունքը հագեցած է  բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հիվանդների հետազոտման, բուժման և հետվիրահատական շրջանի հսկման համար: Ստացիոնար հիմունքներով այստեղ տարեկան բուժվում է 300-ից ավել հիվանդ և մոտ 250 հիվանդ՝ դիսպանսեր հսկողությամբ և խորհրդատվությամբ:

Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքում տուբերկուլոզով հիվանդների հետազոտումն ու բուժումը պետպատվերի շրջանակներում կատարվում է անվճար, իսկ ամբուլատոր հիվանդներին խորհրդատվության տրամադրումն ու բուժումը  իրականացվում է վճարովի հիմունքներով:

1978 թվականից բաժանմունքը ղեկավարում է արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման, բուժման և վիրաբուժության մեջ մեծ ճանաչում ձեռք բերած բժիշկ-օրթոպեդ-վնասվածքաբան Լևոն Դավիթի Խալաթյանը: 1975-1977 թվականներին բժիշկ Խալաթյանը ֆթիզիատրիայի գծով մասնագիտացում է անցել Մոսկվայի տուբերկուլոզի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում և Լենինգրադի վիրաբուժական տուբերկուլոզի ինստիտուտում: Այսօր Լևոն Խալաթյանը ՀՀ-ում միակ մասնագետն է, ով կատարում է ոսկրահոդային տուբերկուլոզից առաջացած բարդացումների վերացմանն ուղղված վիրահատություններ: Նրա շնորհիվ բազմաթիվ հիվանդներ ձեռք են բերել ապրելու նոր հնարավորություն և հույս՝ շարունակելու կյանքն առանց տուբերկուլոզի: Տարիներ շարունակ նրա կրթած մասնագետները դեռ մեծ անելիք ունեն Հայաստանում արտաթոքային տուբերկուլոզի բուժման կատարելագործման համար: