Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում իրականացվող «Տուբերկուլոզի հիվանդակենտրոն ծրագրի» հոգեբան Նարինե Սիրադեղյանի հետ այսօր զրուցել ենք մի շատ կարևոր թեմայի շուրջ. կորոնավիրուսից հոգեբանական պաշտպանվածության: Այս թեմայի ընտրությունը պատահական չէ, քանզի այս օրերին կորոնավիրուսը «հյուր» է շատերի ընտանիքում և կարևոր է իմանալ ինչպես վարվել այդ նոր «հյուրի» հետ:
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված վախն ու ինչպե՞ս չտրվել հիվանդանալու տագնապին:
Կուզենայի նշել, որ և՛ տագնապի, և՛ վախի որոշակի «չափաբաժինը» մեր կյանքում ոչ միայն նորմալ է, այլև անհրաժեշտ. տագնապի և վախի միջոցով մենք արձագանքում ենք ամենատարբեր վտանգներին և այդպիսով խուսափում ենք մի շարք խնդիրներից, այսինքն՝ իմ կողմից նշված վախը և տագնապը մեր հոգեկանի համար ունեն պաշտպանական բնույթ: Սակայն կորոնավիրուսի առաջացրած տագնապը, կարծում եմ, անցել է պաշպանական բնույթ ունենալու սահմանները, այդ տագնապն ավելի շատ նևրոտիկ բնույթի տագնապ է հիշեցնում, որը հյուծում է մեր հոգեկանը՝ միաժամանակ բացասաբար անդրադառնալով նաև մեր իմունային համակարգի վրա:
Խոսելով կորոնավիրուսի հետ կապված տագնապի և վախի մասին՝ չպետք է մոռանալ, որ այն մեծամասամբ պայմանավորված է ապագայի անորոշությամբ, ուստի այդ վախը հաղթահարելու և հիվանդանալու տագնապին չտրվելու տարբերակներից մեկը կարող է հանդիսանալ հնարավորինս ներկայում ապրելը, գնահատել իրավիճակը ներկայում՝ ապագայի հավանական սարսափները պատկերացնելու փոխարեն, այսինքն՝ ինչպես հոգեբաններս ենք սիրում ասել՝ ապրել «այստեղ և հիմա»: Իսկ ի՞նչ կարող ենք անել «այստեղ և հիմա». կարող ենք հիվանդությունից խուսափելու բոլորիս հայտնի կանոններին հետևել՝ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում, ձեռքերի հիգիենա, շփման ընթացքում ֆիզիկական հեռավորության պահպանում և այլն: Այս տագնապը և վախը կառավարելու կարևոր գործոն է գնահատելը՝ ինչն է կախված սեփական անձից, ինչը՝ ոչ: Հաճախ ենք լսում՝ «բոլոր կանոններին հետևեցի, միևնույն է հիվանդացա», սա չի նշանակում, որ բոլոր կանոններին հետևելը միանշանակ բացառելու է վարակվելու վտանգը, որոշ հանգամանքներ դուրս են մեր վերահսկողությունից, սա գիտակցելը և այդ գիտակցմամբ առաջնորդվելը, կարծում եմ, շատ կարևոր է: Իսկապես դժվար, գուցե նաև անընդունելի է մեզ համար, բայց մենք չենք կարող որոշել մեր կյանքում հանդիպող բոլոր հանգամանքների և երևույթների ընթացքը:
Հաջորդն ինչի մասին կցանկանայի նշել տեղեկատվական հոսքն է: Այսօր համացանցը լի է ամենատարբեր՝ հավաստի և ոչ այդքան հավաստի տեղեկատվությամբ: Ինչպե՞ս վարվել այդ հսկայական, հաճախ անվերահսկելի տեղեկատվության հետ: Նախ և առաջ ցանկալի է հետևել հնարավորինս հավաստի, պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին, օրվա մեջ սահմանել որոշակի ժամ կորոնավիրուսի հետ կապված նոր տեղեկություններին ծանոթանալու համար, ինչպես նաև շատ օգտակար կլինի շաբաթվա մեջ մեկ օր ընդհանրապես չանդրադառնալու այս հարցին, չհետևել նորություններին, այսպես ասած՝ տեղեկատվական բեռնաթափում իրականացնել: Պետք է հիշել, որ տեղեկատվական հոսքը մեզնից հսկայական էներգիա է խլում և սնում է մեր տագնապներն ու վախերը:
Ինչպե՞ս կառավարել հույզերը կորոնավիրուսի առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում:
Կարծում եմ նախ և առաջ անհրաժեշտ է ինքներս մեզ թույլ տանք զգալ մեր հույզերը, հասկանանք այդ հույզերի խորքում թաքնված մտքերը և անհրաժեշտության դեպքում վիճարկենք դրանք: Մտքերը վիճարկելուն դեռ կանդրադառնամ: Ցանկացած հիվանդություն որոշակի հուզական ֆոն է առաջացնում մեզ մոտ և դա միանգամայն նորմալ է, չեմ կարծում, որ միանգամից անհրաժեշտ է մտածել այդ հույզերը կառավարելու մասին, թեև մեր առաջնային հակազդումը ցանկացած հուզական վիճակին այդ հույզերը կառավարելն ու զսպելն է: Կորոնավիրուսով վարակվելը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, կարող է առաջացնել ամենատարբեր՝ հիմնականում բացասական հույզեր: Օրինակ վարակելիության հետևանքով մեկուսանալու անհրաժեշտությունը կարող է առաջացնել միայնակության, լքվածության սուր զգացում, տագնապ, որի մասին քիչ առաջ խոսեցինք: Այսպիսով հույզերը մեր ֆիզիկական վիճակի և մտքերի դրսևորումներն են, արտահայտման ձևերը, ուստի դրանցից խուսափել չենք կարող, ինչը, արդեն իսկ նշեցի, նորմալ է: Խնդիր է առաջանում, երբ մեր մտքերը և հույզերը խանգարում են մեր առօրյան կազմակերպելուն: Գաղտնիք չէ, որ առավել հաճախ մենք հակված ենք պատկերացնել ամենածայրահեղ ելքերը՝ «Չեմ հաղթահարի հիվանդությունը», «Իմ օրգանիզմը չի դիմանա այս հիվանդությանը», «Ընտանիքիս բոլոր անդամները կվարակվեն և մենք բոլորս կմահանանք», «Ես ունեմ ուղեկցող հիվանդություն, որևէ դրական ելք հնարավոր չէ իմ դեպքում» և այլն: Հասկանալի է, որ նման մտքերի առկայության դեպքում դրական հույզեր ունենալու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Վերոնշյալ մտքերը ծայրահեղացված են և կարիք ունեն վիճարկման, հարկավոր է հասկանալ՝ այդ մտքերը մեր ենթադրություններն են, թե հաստատված փաստեր: Եթե դրանք պարզապես մեր ենթադրություններ են, ուրեմն հայտնվել ենք մեր իսկ ստեղծած թակարդի մեջ: Անհրաժեշտ է վիճարկել այդ ենթադրություն-մտքերը՝ «Ի՞նչ հիմք ունեմ մտածելու, որ ես չեմ հաղթահարի հիվանդությունը», «Այս պահին ինչպիսի՞ արտահայտվածություն ունի հիվանդությունն ինձ մոտ» և նորից ներկայի վրա կենտրոնանալով՝ «Ի՞նչ կարող եմ անել հիվանդությունը հնարավորինս հեշտ հաղթահարելու համար, որո՞նք են այդ քայլերը, ին՞չը կօգնի ինձ հաղթահարել հիվանդությունը, ի՞նչը կխոչընդոտի» և այլն: Այսինքն՝ անհրաժեշտ է մեր ուշադրությունն ու էներգիան մեր ենթադրություններից, անվերահսկելի մտքերից տեղափոխել ներկա՝ վերահսկողության տեսանկյունից առավել հասանելի թեմաներին:
Ինչպե՞ս պահպանել հուզական կայունությունն ինքնամեկուսացման պայմաններում:
Ինքնամեկուսացման պայմաններում հուզական կայունությունը պահպանելու մի շարք քայլերի մասին, կարծում եմ, արդեն նշեցի՝ սահմանափակել տեղեկատվական հոսքը, կենտրոնանալ ներկայի վրա, վիճարկել մեր ենթադրությունները և այլն… Հավելեմ նաև, որ դրան կարող է նպաստել նաև ինքնամեկուսացման պայմաններում որևէ սիրելի զբաղմունքով զբաղվելը կամ նոր զբաղմունքներով հետևաքրքվելը՝ նկարել, երաժշտություն լսել, գիրք կարդալ, հետաքրքիր ուտեստներ փորձարկել և այլն: Հավանաբար մեզնից յուրաքանչյուրը, առօրյա զբաղվածությամբ պայմանավորված, մի շարք չիրականացված մտադրություններ է ունեցել, որոնք ժամանակի սղության պատճառով չի իրականացրել, ինքնամեկուսացումը կարող է մեզ տալ այդ հնարավորությունը: Զբաղվածություն ունենալը, օրը պլանավորելը շատ կարևոր է ինքամեկուսացման պայմաններում: Հատկապես եթե նախքան հիվանդանալը զբաղված ես եղել ակտիվ գործունեությամբ, ապա ինքնամեկուսացումը մի քանի օր անց կարող է խիստ ձանձրալի լինել և բացասաբար ազդել մեր հույզերի վրա:
Կարո՞ղ է կորոնավիրուսը լուրջ հոգեբանական հետևանքներ ունենալ մարդու կյանքում և ինչպե՞ս է այն ազդում մարդու հոգեկան առողջության վրա:
Իհարկե կարող է: Մեր շրջապատում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն ունենում է իր ազդեցությունը մեր կյանքի, մեր ապրելակերպի վրա՝ ազդելով նաև մեր հոգեկան առողջության վրա: Մեր օրգանիզմն ու հոգեկանը սթրեսի ժամանակ կենտրոնացնում են բոլոր ուժերը, սակայն տևական սթրեսի դեպքում դա կարող է հանգեցնել ուժերի սպառման, հյուծվածության, և կարող են առաջանալ մի շարք խնդիրներ: Ինչպես արդեն նշեցի՝ կորոնավիրուսը կարող է տագնապը վերափոխել նևրոտիկ տագնապի, կարող են առաջանալ և տևականորեն պահպանվել մի շարք կպչուն մտքեր, գործողություններ, օրինակ հիգիենայի կանոններին հետևելը կարող է ձեռք բերել ծայրահեղ դրսևորումներ՝ ազդելով մարդու կյանքի որակի վրա: Իհարկե ձեռքերի հիգիենային հետևելը խիստ կարևոր է, սակայն եթե, օրինակ, յուրաքանչյուր իրի դիպչելու, յուրաքանչյուր շարժումից հետո մենք կարիք ենք ունենում անմիջապես լվացվել և դա ազդում է մեր կենսագործունեության վրա, ապա դա արդեն հիգիենայի կանոններին հետևելուց վերաձևակերպվում է կպչուն գործողության, որը մեր կյանքի որակի վրա բացասաբար է անդրադառնում, խանգարում է մեր բնականոն կյանքին:
Կյանքը կորոնավիրուսից հետո. ինչպե՞ս վերադառնալ բնականոն կյանքին:
Կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում՝ առցանց հանդիպումներ, ուսուցման, ֆիզիկական հեռավորության պահպանման անհրաժեշտություն, մի շարք տնտեսական խնդիրներ և այլն, որոնք դեռևս շարունակական բնույթ են կրում: Այս առումով բնականոն կյանքին վերադառնալը նույնիսկ անձի մակարդակում մի փոքր այլ է նախքան կորոնավիրուսը մեր պատկերացրած բնականոն կյանքից: Կարծում եմ, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո հարաբերականորեն բնականոն կյանքին վերադարձը սկսվում է առօրյա գործողությունների մեջ մեր ընդգրկմամբ՝ ուսում, աշխատանք, առօրյա հոգսեր:
Ինչպես առհասարակ ցանկացած հիվանդության, այնպես էլ կորոնավիրուսից հետո մեզնից յուրաքանչյուրը, հավանաբար, մի փոքր այլ հայացքներով, իր առաջնայնությունները վերանայած է վերադառնում իր կյանքին, և դա կարող է ծառայել որպես մի նոր հնարավորություն մեր սխալները, մեր գլխավոր նպատակներից հեռնալու պատճառները վերագտնելու, վերաիմաստավորելու համար: Հիվանդությունից հետո մարդիկ հաճախ գալիս են այն գիտակցման, որ սխալ են ապրել իրենց կյանքը, որ կյանքը, հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն կա, որ սեփական անձի մասին հոգատարությունը եսասիրություն չէ, այլ անհրաժեշտություն: Ի վերջո մեր կյանքի առաջին իսկ օրվանից մեր օրգանիզմը լուռ, երբեմն՝ աղմուկով (հիվանդություն) ծառայում է մեզ, իսկ մենք ի՞նչ ենք անում մեր օրգանիզմի համար… մարդիկ հաճախ անարդարության զգացում են ունենում իրենց, իրենց օրգանիզմի նկատմամբ և այդ զգացումը կառուցողական քայլերի վերածելը, անշուշտ, կարող է նպաստել մեր կյանքի որակի լավացմանը:
Շնորհակալ ենք Նարինեին հետաքրքիր զրույցի համար: