ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Օգտվեք առցանց խորհրդատուի մեր ծառայությունից

Ուղղեք ձեր հարցը մեր բժշկին
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Պատվիրել

Շարժական ֆլյուորոգրաֆիա
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Հարգելի՛ այցելու,

Ողջունում եմ Ձեզ Թոքաբանության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում:

Լինելով հանրապետությունում եզակի բուժհիմնարկություն իր պրոֆիլով և մատուցած ծառայությունների գծով՝ Թոքաբանության ազգային կենտրոնը որդեգրել է պացիենտակենտրոն բուժօգնության սկզբունքը: Հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթներին և հիմնվելով մեր մասնագետների բարձր որակավորմանը, երկարամյա փորձին՝ վստահությամբ պնդում եմ՝ բնակչությանը ցուցաբերվելու է համաշխարհային չափանիշներին համապատասխան մասնագիտացված և բարձր որակավորված բժշկական օգնություն:

Հարգանքով՝

Արտակ Մանուկյան

Կարդալ ավելին

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
21.03.2023
Հոգեբան Նարինե Սիրադեղյանը ներկայացնում է տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքի առանձնահատկությունները և բարդությունները

Տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները և դժվարությունները: Նախ և առաջ, առկա են մի շարք բարդություններ աշխատանքի կազմակերպման տեսանկյունից: Թոքաբանության ազգային կենտրոնում հոգեբանի աշխատանքը կազմակերպելու նպատակով առանձնացված են երկու աշխատանքային սենյակներ. խիստ կարևորվում է պացիենտի համար ապահով միջավայրի ստեղծումը, զրույցի կոնֆիդենցիալությունը, սակայն երբեմն, օբյեկտիվ պատճառներից ելնելով, դա հնարավոր չի լինում ապահովել: Օրինակ, պացիենտի առողջական վիճակով պայմանավորված՝ հատկապես արտաթոքային հիվանդների դեպքում, երբ ցուցված է անկողնային ռեժիմ, առհասարակ հնարավոր չի լինում հանդիպումը կազմակերպել հոգեբանի սենյակում, միայնակ՝ առանց այլ անձանց ներկայության և այլն: Այս պարագայում մասնագետից պահանջվում է որոշակի ճկունություն՝ առկա պայմաններում հնարավորինս պրոֆեսիոնալ աշխատելու համար: Հաջորդ դժվարությունն այն է, որ վարակի վերահսկման կանոններից ելնելով՝ հոգեբանն աշխատանքի ընթացքում պետք է կրի բժշկական դիմակ (ռեսպիրատոր) և բժշկական խալաթ: Անդրադառնալով բժշկական խալաթ կրելու հանգամանքին՝ նշեմ, որ տվյալ պարագայում հոգեբանը պացիենտների կողմից կարող է ընկալվել որպես բժիշկ, թեև փորձում ենք հնարավորինս խուսափել նման ընկալումից. խալաթի վրա առկա է՝ «հոգեբան» գրառումը, ինչպես նաև աշխատանքի ընթացքում պարբերաբար անդրադարձ է կատարվում հոգեբանին անունով դիմելու անհրաժեշտության մասին և այլն: Այնուամենայնիվ, բժշկական խալաթը կարող է խոչընդոտել պացիենտի-հոգեբան կոնտակտի հաստատմանը, թերապևտիկ փոխհարաբերությունների արդյունավետ ձևավորմանը և զարգացմանը: Ուստի հոգեբանից առավել շատ ջանք է պահանջվում, աշխատանքի ընթացքում ավելի շատ խոչընդոտներ են անհրաժեշտ լինում հաղթահարել հոգեբանի անձի ճիշտ ընկալման, աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով: Կոնտակտի հաստատմանը խոչընդոտում է նաև բժշկական դիմակի առկայությունը, ինչը որոշակիորեն փոխում է հոգեբանական աշխատանքի բնույթը: Դարձյալ վարակի վերահսկման նկատառումներից ելնելով՝ տուբերկուլոզով հիվանդը ևս հոգեբանի հետ հանդիպման ընթացքում պետք է կրի բժշկական դիմակ: Այս տեսանկյունից ևս հոգեբանի աշխատանքն ունի իր առանձնահատկությունները: Այսպիսով, հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն է ստանում հույզերի մասին խոսելը, քանի որ դիմակը ևս մեկ անգամ խոչընդոտ է հանդիսանում արտահայտված հույզերի դրսևորմանը և դիմացինի կողմից այդ հույզերի ընկալմանը, քանի որ հանդիպման ընթացքում բժշկական դիմակը ծածկում է ամբողջ դեմքը՝ բացի աչքերից: Արդյունքում հոգեբանից պահանջվում է ավելի շատ խոսել իր և այցելուի հույզերի մասին, օրինակ, ասել այցելուին, որ ժպտում է (ինչի կարիքը դիմակի բացակայության դեպքում ընդհանրապես չի առաջանում), կամ զարգացնում է աչքերով հույզերը արտահայտելու կարողությունը: (կեսկատակ-կեսլուրջ 😊) Հիվանդության վարակելիության հանգամանքը ևս որոշակի խոչընդոտ է ստեղծում պացիենտի հետ կոնտակտի հաստատման տեսանկյունից: Երբեմն ՏԲ հաստատված ախտորոշումով անձինք կաշկանդված են լինում հանդիպման ընթացքում, կարծես, բացասական առումով իրենց բացառիկ են համարում, վախենում են շրջապատի՝ այդ թվում հոգեբանի բացասական արձագանքից, վատ վերաբերմունքից, ամաչում են: Զրույցը հիվանդության, դրա փոխանցման ուղիների մասին զգալիորեն մեղմացնում է սկզբնական տագնապը, օգնում է կոնտակտի հաստատմանը: Պատահել է, որ, երբ խիստ արտահայտված է եղել ամոթը հիվանդության հետ կապված, և այցելուի հետ ուսումնասիրել ենք այդ հույզը՝ ինչից է սնվում այն, ինչի մասին է, այցելուի հետ եկել ենք այն եզրահանգման, որ «ամոթ է շնչելը», ինչը մի կողմից զարմանք, մյուս կողմից էլ ժպիտ է առաջացրել այցելուի մոտ, որը տվյալ պարագայում զգալիորեն նվազեցրել է այդ հույզի ինտենսիվությունն այցելուի մոտ: Ի վերջո, որևէ մեկը ապահովագրված չէ, յուրաքանչյուրս կարող ենք հիվանդանալ տուբերկուլոզով՝ քանի դեռ շնչում ենք:) Որպես տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատող հոգեբան՝ երբեմն ունենում եմ միտք, որ հիվանդների համար նախ և առաջ ամոքող է լինում հոգեբանի ներկայությունը, չխուսափելը, հիվանդի անձը, հույզերն արժևորելը՝ իհարկե վարակի վերահսկման նպատակով հնարավորինս պահպանելով հիվանդի հետ հաղորդակցման կանոնները: Երբեմն երբ հանդիպման ընթացքում այցելուն հազում է, սկսում է տագնապած հայացքով նայել դեմքիդ՝ կարծես դարձյալ սպասելով խուսափողական վարք քո կողմից, իսկ երբ արձագանքը լինում է՝ «նորմալ է, հանգիստ կարող եք հազալ», կարծես հիվանդն այդպիսով թույլ է տալիս իրեն լինել, վստահել, չամաչել, իրեն լիարժեք զգալ: Դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների հետ ԹԱԿ ՊՈԱԿ-ում իրականացվող կրթական դասընթացին մասնակցում է նաև վերապատրաստված բուժքույրը: Բուժանձնակազմի հետ հաղորդակցումը ևս ունի որոշակի բարդություններ՝ պատկերացումների, ընկալումների, առաջնահերթությունների տարբերությունների տեսանկյունից: Օրինակ, հանդիպման ընթացքում աչքերի կոնտակտը հավասարապես հիվանդի և նրա ընտանիքի անդամի հետ պահելը, որը կարող է այդքան էլ չկարևորվել տվյալ պահին բուժքրոջ կողմից: Սակայն մեր համատեղ գործունեության ընթացքում աշխատանքը զգալիորեն ներդաշնակ է դառնում, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում մեր գործունեությունը, համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորություն ունի նաև հոգեբան-բժիշկ համագործակցությունը: Քիչ չեն դեպքերը, երբ բուժող բժիշկն է դիմում կոնկրետ պացիենտի հետ աշխատելու նպատակով, կամ իմ կողմից է լինում քննարկումը բուժող բժշկի հետ: Քանի որ, օրինակ, որոշ հիվանդներ ավելի շատ են ունենում կարիքը խոսելու հենց բժշկի հետ իրենց առողջական վիճակին վերաբերող հարցերի շուրջ, որոշ հիվանդներ էլ պարզապես չեն ցանկանում այդ պահին լսել հիվանդության մասին առհասարակ: Հարկ է նշել, որ հոգեբանի մասնագիտական էթիկայի սկզբունքներից է նույն անձի ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների հետ չաշխատելը: Հիվանդանոցում հոգեբանի աշխատանքի կազմակերպման առումով այս դեպքում ևս առկա են որոշակի առանձնահատկություններ: Եթե հիվանդի ընտանիքի անդմաների, հարազատների հետ հանդիպումների նպատակը հիվանդությամբ պայմանավորված հոգեբանական հարցերի, հիվանդի հետ հաղորդակցման առանձնահատկություններին անդրադարձն է, ապա հիվանդի հետ աշխատող հոգեբանը հանդիպում և աշխատում է նաև նրա ընտանիքի անդամների կամ հարազատների հետ: Սակայն, եթե հիվանդի ընտանիքի անդամի հետ աշխատանքի ընթացքում առավել խորքային աշխատանքի անհրաժեշտություն է առաջանում, ապա վերջինիս անհրաժեշտ է ուղղորդել այլ մասնագետի մոտ: Այս սահմանը պահպանելը ևս շատ կարևոր է, ինչն իր հերթին կարող է առաջացնել որոշակի բարդություններ: Այսպիսով, հաշվի առնելով հոգեբանի աշխատանքային միջավայրի առանձնահատկությունները՝ անխուսափելի է մասնագետի մոտ հուզական այրման համախտանիշի առաջացումը: Այստեղ օգնության են գալիս սուպերվիզիաների, բալինտյան խմբերին մասնակցությունը, ինքնախնամքը, որոնք հոգեբանի արդյունավետ աշխատանքային գործունեության ապահովման կարևոր բաղադրիչներն են:

Կարդալ ավելին
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
17.03.2023
Տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշում. դասընթաց

Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է երկօրյա տեսական և գործնական դասընթաց «Տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշում» թեմայով։ Դասընթացը, որին այսօր մասնակցեցին Երևանի և ՀՀ մի քանի մարզերի ՏԲ լաբորատորիաների մասնագետներ, օգտավետ էր տեսական գիտելիքների ձեռքբերման առումով։ Առհասարակ այս դասընթացը նպատակ ունի ապահովել ՏԲ լաբորանտների, ֆթիզիատրների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների մասնագիտական գործունեությունը։ Դասավանդվող նյութերը հիմնված են միջազգային փորձի, ախտորոշման արդի մեթոդների և ԱՀԿ կողմից մշակված նորմատիվային ակտերի վրա։ Այն կրեդիտավորված է։ Մասնակիցներին ողջունեց ԹԱԿ ՊՈԱԿ Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Կաբասակալյանը, անցկացվեց մասնագիտական գիտելիքների ստուգման նախնական թեստ։ ԱՌԼ֊ի բժիշկ-մանրէաբան Նաիրա Պետրոսյանն անդրադարձավ տուբերկուլոզային լաբորատորիաներում կենսաանվտանգությանը, նմուշների հավաքման, պահպանման, փաթեթավորման և տեղափոխման գործընթացին, իսկ Ախտորոշիչ լաբորատորիայի բժիշկ-մանրէաբան Անուշ Դավթյանը՝ մանրադիտմանը։ Լաբորատորիայի մասնագետներին ներկայացվեց տուբերկուլոզի արդի կառավարումը, ՏԲ-ի հայտնաբերման, բուժման և մշտադիտարկման գործող մոտեցումները, խոսվեց մոլեկուլյար գենետիկ հետազոտությունների մասին։ Դասընթացը լինելու է շարունակական։

Կարդալ ավելին
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
15.03.2023
Retro: ԱՆՑՅԱԼԻ ՏԱՏԱՍԿՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

19-րդ դարի առաջին կեսերին տուբերկուլոզը (թոքախտ) համարվում էր նրբագեղ և հուզական մարդկանց հիվանդություն, ովքեր տարված են գիտության կամ ստեղծագործական կրքով, ունակ են խորապես զգալ իրական և երևակայական իրադարձությունները. տուբերկուլոզը վերածվել էր ռոմանտիկ ախտորոշման: Մին՝ «դողդոջ է, գույն չունի» Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։ Այս խոսքերը խոցեցին տաղանդաշատ, թոքախտավոր պատանի Պետրոս Դուրյանի սիրտը, ով իր ստեղգծագործությունը բերել էր բեմադրման ներկայացնելու: 19-րդ դարի սկզբին բժիշկները, ուսումնասիրելով տուբերկուլոզի պատճառներն ու զարգացումը, սկսեցին վարակի բուժման առաջին փորձերը կատարել։ Ցավոք, այդ համարձակ նախաձեռնողներին դաժան փորձություններ բաժին հասան: Այսպես, 1822 թվականին անգլիացի Ջեյմս Կարսոնը փորձեց բուժել օդի արհեստական ներմղմամբ հիվանդի թոքամզի խոռոչ, սակայն դրա ձախողմանը հետևող քննադատությունները ստիպեցին այդ մասին մոռանալ, համենայն դեպս, հետագա 60 տարվա ընթացքում: 1890-ականների սկզբին Կոխին հաջողվեց ստանալ տուբերկուլին՝ տուբերկուլոզային կուլտուրաների մզվածք, որը նա ներկայացրեց գիտական հանրությանը որպես տուբերկուլոզի հայտնաբերման և բուժման արդյունավետ միջոց։ Սկզբում որոշակի հաջողությունները միայն ուրախություն բերեցին, բայց դիտվեցին նաև հիվանդության սրացման, մինչև իսկ մահվան դեպքեր, որոնք զայրույթի պոռթկում առաջ բերեցին՝ անտեսելով հանճարեղ գիտնականի նախորդ վաստակը: 1905 թվականին, երբ բացասական հույզերի հուժկու ալիքը տեղի տվեց, տուբերկուլոզի հարուցչի բացահայտման գյուտից ավելի քան 20 տարի անց գիտնականին շնորհվեց ֆիզիոլոգիայի (բժշկության) Նոբելյան մրցանակ: Առաջին հակամանրէային հակաբիոտիկ streptomycin-ի գյուտի (1943 թ.) հեղինակը նույնպես ուղեգորգերով չի քայլել. մանրէաբան Զելման Վաքսմանին էլ հրեական ծագումն է խոչընդոտ հանդիսացել՝ կրթությունը ծննդավայրում շարունակելու և, հետևապես, 1952 թ. ամերիկացու փոխարեն որպես Ռուսաստանի քաղաքացի Նոբելյան մրցանակի արժանանալու համար։ Թեև կային դեղորայքային արձանագրություններ՝ ուղղված էին տուբերկուլոզի ախտանիշները մեղմելուն, սակայն ոմանք կողմնակից էին կտրուկ ու սահմռկեցուցիչ միջամտությունների: Այսպես, Ռուսաստանում տուբերկուլոզային լիմֆադենիտի խուղակային ձևերը բուժվել են այրման միջոցով: Մահացողների տառապանքը մեղմելու համար բանկաներ, սնդիկի պատրաստուկներ և կապարի շաքար էին նշանակվում. ինչը հիվանդին տանում էր մյուս աշխարհ ավելի վաղ, քան կհասցներ թունավորվել: Դեռևս անտիկ բժշկագիտության դասականները (Գալեն) խորհուրդ էին տալիս տուբերկուլոզը բուժել մաքուր օդում զբոսանքներով, կաթով և ծովային ճանապարհորդություններով, ինչը հնարավոր էր մեկտեղել առողջարաններում, որոնց բացելու անհրաժեշտությունը դարձավ ժամանակի հրամայական պահանջ: Եվրոպայում առաջին տուբերկուլոզի առողջարանը բացվել է Պրուսական Սիլեզիայի Հերբերսդորֆ գյուղում 1854 թվականին: Մինչդեռ գավառական և զեմստվոյական հիվանդանոցներում «հատուկ հիվանդների» համար ստեղծված բաժանմունքներում տրամադրվոող նվազագույն խնամքն անբավարար էր, որտեղ, փաստորեն, հիվանդները «գերեզմանի ճանապարհին վազանցում էին միմյանց»: Հայաստանում առաջին տուբերկուլոզային առողջարանը 1912-ին բացվեց Դիլիջանում (12 հիվանդի համար, որը 2 տարի անց դադարեց գործել, ապա Գ․ Սաղյանի հետևողական ջանքերով կրկին կյանքի կոչվեց 1923-ին), իսկ 1928-ին՝ նաև Երևանում: …Այդ ամենն անցյալում է: Այժմ գործող Թոքաբանության ազգային կենտրոնը` հագեցած բժշկագիտության ժամանակակից սարքավորումներով, պատրաստ է տուբերկուլոզով հիվանդներին անվճար, որակյալ մասնագիտական օգնություն ցույց տալ, իսկ թոքային զանազան ախտահարումներով մեր կենտրոն դիմած բուժառուներին, տարբերակիչ ախտորոշում անցկացնելուց հետո, լիարժեք բուժել թոքաբանության բաժանմունքում: Եղեք տեղեկացված, դիմեք մեզ հիվանդության վաղ փուլում, ինչը ճիշտ ախտորոշման և լիարժեք ապաքինման գրավականն է:

Կարդալ ավելին

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
Հասցե՝ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
Հեռ` (0222)2-02-22
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ
Էլ․ փոստի հասցե` * info@pulmonology.am