ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

«ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագիր

«ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագիր


ՀՀ Առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ Գլոբալ հիմնադրամի միջև 2018 թվականին կնքվել է «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագիրը: Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ այս ծրագրի շրջանակներում տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվում է սոցիալական աջակցություն: Սոցիալական աջակցության տրամադրման հիմնական նպատակը, սննդի և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցով, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ հիվանդի կանոնավոր այցելությունների իրականացման խրախուսումն է:

Դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրը տուբերկուլոզով հիվանդների բուժման հետևողականության ապահովումն է և բուժման արդյունավետության բարելավումը: Ծրագրի շահառուներն են տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից հաշվառված և բուժման ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով հիվանդները: ՀՀ-ում տուբերկուլոզի ամբուլատոր բուժումը կազմակերպվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից՝ ուղղակիորեն վերահսկվող բուժման (DOTS ռազմավարություն) համաձայն: Ուղղակիորեն վերահսկվող բուժումը նախատեսում է, բուժման ամբողջ կուրսի ընթացքում, հիվանդի ամենօրյա այցելություն իր բնակության վայրին մոտ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ՝ հակատուբերկուլոզային դեղեր և հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունների բուժման դեղերը ստանալու ու կաբինետի մասնագետի ներկայությամբ դրանք ընդունելու համար: Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետն ապահովում է շաբաթական վեցօրյա (ներառյալ նաև տոն օրերը) աշխատանքային ժամանակացույցը:

«ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվող սոցիալական աջակցության չափը սահմանվել է ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի  N2773-Ա հրամանով և այն կազմում է.

  • 90% բուժման հետևողականություն ապահովող և ծրագրում ընդգրկված դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների համար ամսական 16.000 դրամ,
  • 90% բուժման հետևողականություն ապահովող և ծրագրում ընդգրկված դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների համար ամսական 20.000 դրամ:

Դրամաշնորհային ծրագրով սոցիալական աջակցության համակարգման և տրամադրման գործառույթն իրականացնում է Թոքաբանության ազգային կենտրոնը: Յուրաքանչյուր ամիս, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների տրամադրած տվյալների հիման վրա, կազմվում է այն հիվանդների ցանկը, որոնք ապահովել են ծրագրի պահանջները: Այդ հիվանդներից յուրաքանչյուրի համար կատարվում է անհատական հաշվարկ, որը, բացի սոցիալական աջակցության սահմանված չափից, ներառում է նաև հիվանդի բնակության վայրին մոտ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ամեն օր հասնելու համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերի ներառումը:

«ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Թոքաբանության ազգային կենտրոնը համագործակցում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հետ: Ծրագրում ընդգրկված շահառուներին, Թոքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, արտոնյալ պայմաններով բանկը տրամադրում է բանկային քարտային հաշիվ՝ ամսական սոցիալական աջակցության գումարի փոխանցման համար:

Ֆոտոդարան
Տեսանյութ