Ձեր երկրորդ շնչառությունը
2004 թվականի հուլիսին Թոքաբանության ազգային կենտրոնում հիմնվեց Հոգեկան և վարքային խանգարումների ՏԲ բաժանմունքը` կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և տուբերկուլոզով վարակված հիվանդների ախտորոշումն ու բուժումը:
Ներկայումս հոգեկան և վարքային խանգարումների ՏԲ բաժանմունք հետազոտվում և բուժում են ստանում հոգեկան հիվանդություն ախտորոշում ունեցող այն պացիենտները, ովքեր ունեն նաև որևիցե մի օրգանի տուբերկուլոզ: Համալիր իրականացվող միջոցառումների շնորհիվ կազմակերպվում է նաև հիվանդների հոգեկան վիճակի կարգավորում, ապահովվում է նրանց խնամքը, հսկողությունը և բուժումը:
Այս բաժանմունքն ունի համապատասխան կառուցվածք և կահավորում։ Բուժման մեջ կիրառվում են հակատուբերկուլոզային և հոգեբուժական պրակտիկայում կիրառվող նորագույն դեղամիջոցներ։
Հոգեբուժական բաժանմունքում կա 6 հիվանդասենյակ, ընդհանուր թվով 15 մահճակալ, և տարեկան այս բաժանմունքը սպասարկում է մոտավոր թվով 100 պացիենտի:
Հաշվի առնելով հոգեկան և վարքային խանգարումների ՏԲ բաժանմունքում բուժվող պացիենտների մոտ հոգեկան հիվանդության առկայությունը` այս բաժանմունքի մասնագիտացած և որակավորված ֆթիզիատորները, հոգեբույժները, նյարդաբաններն ու թերապևտները, իրենց բարձր մասնագիտական ներուժի շնորհիվ, յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերում են անհատական մոտեցում` դրանով իսկ նպաստելով նրա մոտ տուբերկուլոզի արագ և արդյունավետ բուժմանը:
Բաժանմունքի հիմնադրման օրվանից դրա ղեկավարման բարդ ու պատասխանատու աշխատանքը վստահվել է Թոքաբանության ազգային կենտրոնում երկար տարիների աշխատանքի և մասնագիտական փորձ ունեցող բժիշկ-ֆթիզիատր Գայանե Շավարշի Թայիրյանին: Նա մասնագիտացում է ստացել Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում և´ ֆթիզիատրիայի, և´ ռենտգենաբանության գծով, վերապատրաստումներ անցել տուբերկուլոզի կանխարգելմանն ու բուժմանը նվիրված թեմաներով ինչպես Հայաստանում, Լատվիայում, այնպես էլ այլ երկրներում: Գայանե Թայիրյանի արհեստավարժ և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ հոգեբուժական բաժանմունքը մինչ օրս աշխատում է կազմակերպված և կանոնակարգված ռեժիմով: