Ձեր երկրորդ շնչառությունը
Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը Թոքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բաժանմունքներից է, քանի որ այստեղ կազմակերպվում և իրականացվում են տուբերկուլոզի դեղակայուն ձևերով պացիենտների մասնագիտացված ստացիոնար համալիր և վերականգնողական միջոցառումներ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արդի խորհրդատվությանը համահունչ:
Տուբերկուլոզի դեղակայուն ձևերը դրա ամենավտանգավոր տեսակներից են, քանի որ հակատուբերկուլոզային դեղերի անկանոն օգտագործման հետևանքով տուբերկուլոզային միկոբակտերիաները ձեռք են բերում կայունություն (կամ ի սկզբանե լինում են այդպիսին)՝ դրանով իսկ չենթարկվելով տուբերկուլոզի բուժման ստանդարտ սխեմաներին: Դա է պատճառը, որ տուբերկուլոզի դեղակայուն ձևերը այսօր իրենցից մեծ վտանգ են ներկայացնում և, անկախ այն հանգամանքից, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում տուբերկուլոզից մահացությունը նվազել է, դրան զուգահեռ աճում է տուբերկուլոզի դեղակայուն ձևերով հիվանդների թիվը՝ խոչընդոտելով հիվանդության ամբողջովին վերացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացմանը: Սակայն սա չի նշանակում, որ դեղակայուն տուբերկուլոզը հնարավոր չէ բուժել: Պարզապես դրա բուժումը երկարատև է՝ 6 ամսից ավելի՝ անհրաժեշտ դեղորայքի ընդունման ռեժիմի խիստ պահպանմամբ:
Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքում տուբերկուլոզի ախտորոշումը կատարվում է արագ ախտորոշման թեստի, իսկ խորխի առկայության դեպքում՝ խորխի եռակի մանրադիտակային հետազոտման, ինչպես նաև թոքերի ռենտգենաբանական հետազոտման շնորհիվ: Արագ թեստերով մի քանի ժամվա ընթացքում հնարավոր է որոշել նաև տուբերկուլոզային միկոբակտերիաների զգայունությունը բոլոր տեսակի հակատուբերկուլոզային դեղամիջոցների նկատմամբ և ըստ այդմ համարժեք բուժում կազմակերպել: Մանրէազատ պացիենտները, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար, սկզբում բուժվում են ստացիոնար բաժանմունքում ՝ բժշկի խիստ հսկողությամբ: Մանրէազերծումից հետո պացիենտները դուրս են գրվում ամբուլատոր ցանց, որտեղ շարունակում են իրենց բուժումը տեղամասային տուբերկուլոզային կաբինետներում՝ տեղամասային ֆթիզիատրի հսկողությամբ:
Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը 50 մահճակալային ֆոնդով տարեկան սպասարկում է մոտ 300 պացիենտ, և տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը այստեղ իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
2009 թվականից բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու/բժիշկ-ֆթիզիատր Լուսինե Միքայելի Եղիազարյանը, ով հանդիսանում է նաև ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի և թոքաբանության գծով խորհրդատուն: Լուսինե Եղիազարյանը մասնագիտացել է ֆթիզիատրիայի բնագավառում՝ մասնակցելով միջազգային դասընթացների և համաժողովների Երևան, Թբիլիսի, Ռիգա, Բանգկոկ, Բիշքեկ, Ժնև, Զալցբուրգ քաղաքներում: Ձեռք բերված մասնագիտական բարձր որակների շնորհիվ, որպես բաժանմունքի ղեկավար, նա շարունակում է ուսումանասիրել ու ներդնել տուբերկուլոզի ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ: