ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունք
Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունք
Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունք

Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը Թոքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բաժանմունքներից է, այստեղ կազմակերպվում և իրականացվում են տուբերկուլոզի դեղակայուն ձևերով պացիենտների մասնագիտացված համալիր ստացիոնար և վերականգնողական միջոցառումներ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արդի խորհրդատվություններին համահունչ:

Տուբերկուլոզի դեղակայուն ձևերը դրա ամենավտանգավոր տեսակներից են: Հակատուբերկուլոզային դեղերի անկանոն օգտագործման հետևանքով տուբերկուլոզային միկոբակտերիաները ձեռք են բերում կայունություն (կամ ի սկզբանե լինում են այդպիսին)՝ դրանով իսկ չենթարկվելով տուբերկուլոզի բուժման ստանդարտ սխեմաներին: Դա է պատճառը, որ տուբերկուլոզի դեղակայուն ձևերը այսօր իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Դրան զուգահեռ աճում է տուբերկուլոզի դեղակայուն ձևերով հիվանդների թիվը՝ խոչընդոտելով հիվանդության ամբողջովին վերացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացմանը: Սակայն սա չի նշանակում, որ դեղակայուն տուբերկուլոզը հնարավոր չէ բուժել: Պարզապես դրա բուժումը երկարատև է՝ անհրաժեշտ դեղորայքի ընդունման ռեժիմի խիստ պահպանմամբ:

Դեղակայուն տուբերկուլոզի ախտորոշումը կատարվում է համալիր լաբորատոր և գործիքային հետազոտություններով: Արագ թեստերով մի քանի ժամվա ընթացքում հնարավոր է որոշել տուբերկուլոզային միկոբակտերիաների զգայունությունը հակատուբերկուլոզային դեղամիջոցների նկատմամբ և ըստ այդմ համարժեք բուժում կազմակերպել: Հեսիտալացման ցուցում ունեցող պացիենտները սկզբում բուժվում են ստացիոնար բաժանմունքում ՝ բժշկի խիստ հսկողությամբ, ապա դուրս են գրվում ամբուլատոր ցանց, որտեղ շարունակում են իրենց բուժումը տեղամասային տուբերկուլոզային կաբինետներում՝ տեղամասային ֆթիզիատրի հսկողությամբ:

Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը 50 մահճակալային ֆոնդով տարեկան սպասարկում է մոտ 300 պացիենտ, և տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը այստեղ իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

2009-2022 թվականներին բաժանմունքը ղեկավարել է բժշկական գիտությունների թեկնածու/բժիշկ-ֆթիզիատր Լուսինե Միքայելի Եղիազարյանը, ով հանդիսանում է նաև ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի և թոքաբանության գծով խորհրդատուն: Լուսինե Եղիազարյանը մասնագիտացել է ֆթիզիատրիայի բնագավառում՝ մասնակցելով միջազգային դասընթացների և համաժողովների Երևան, Թբիլիսի, Ռիգա, Բանգկոկ, Բիշքեկ, Ժնև, Զալցբուրգ քաղաքներում:

2022 թվականից բաժանմունքը ղեկավարում է բժիշկ-ֆթիզիատր, թոքաբան Լիլիթ Գևորգի Գևորգյանը: Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը՝ նա կատարելագործել է իր մասնագիտական հմտություններն ու ունակությունները՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային դասընթացների և համաժողովների: Նա հանդիսանում է տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցի և տուբերկուլոզի վերացմանն ուղղված ազգային ռազմավարության աշխատանքային խմբի անդամ, ֆթիզիատրիայի հայերեն դասագրքի և անգլերեն ձեռնարկի համահեղինակ: Որպես բաժանմունքի ղեկավար, նա շարունակում է ուսումնասիրել ու իր ներդրումն ունենալ տուբերկուլոզի ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների մշակման մեջ: