Ձեր երկրորդ շնչառությունը
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Թոքաբանության Ազգային Կենտրոնի և Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոնի հերթական հանդիպում-քննարկում, որի նպատակն էր տուբերկուլոզի (ՏԲ) և ՄԻԱՎ ծրագրային կառավարման բարելավումը՝ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ իրականացվող ազգային ռազմավարական ծրագրերի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի (ԳՀԾՀԽ) ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանը, ԳՀ ԾՀԽ ՏԲ և ՄԻԱՎ ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանը, ԳՀ ԾՀԽ մոնիտորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։
Քննարկման թեման ՏԲ և ՄԻԱՎ համակցված վարակով բուժառուներին տրամադրվող բուժծառայությունների բարելավումն էր, ՏԲ /ՄԻԱՎ վաղ հայտնաբերման հիմնախնդիրները, կանխարգելիչ բուժման մոտեցումները, ՏԲ/ՄԻԱՎ ցուցանիշների հետ կապված տվյալների հավաքագրումն ու հարակից այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց այս պահին կիրառվող ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակով բուժառուների ընդունման, հոսպիտալացման, բուժման փորձը։ Կողմերը կարևորեցին ՄԻԱՎ-ով անձանց մոտ ՏԲ-ի վաղ հայտնաբերմանը նպաստող կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են ԱԱՊ օղակում մասնագիտական վերապատրաստումները, բուժառուի հետ նախնական խորհրդատվության մոտեցման վերանայումը և վաղ թեստավորումը։
Թոքաբանության Ազգային Կենտրոնի ներկայացուցիչները շեշտեցին բուժառուների հետբուժական շրջանի անհրաժեշտությունը, դրանում հասարակական կազմակերպությունների դերը, ինչպես նաև դուրսգրման և հետագա խնամքի ապահովման համար հնարավոր պայմանների և միջոցների ապահովումը։ Ներկայացումներն ընդմիջվում էր առանձին-առանձին՝ թիմային-խմբային աշխատանքով, որի ամփոփված արդյունքները դառնում էին ընդհանուր քննարկման առարկա՝ առաջարկների համար:
Աշխատաժողովը վարեց ԳՀ ԾՀԽ ՏԲ և ՄԻԱՎ ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանը, ով եզրափակեց աշխատաժողովն ակնկալիքով, որ հանդիպումը շարունակական կլինի, իսկ առաջարկների իրականացման արդյունավետությունը պարբերաբար կվերահսկվի: