Ձեր երկրորդ շնչառությունը
ՀՀ-ում շաքարային դիաբետով անձանց շրջանում թոքային տուբերկուլոզի հայտնաբերման համար կիրառվող արհեստական բանականության սարքավորման (CAD) միջոցով ախտորոշման շեմքային ճշգրտության գնահատման ծրագրի շրջանակում Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը հանդիպում ունեցան Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրինության հետ:
Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ անցկացվելիք հետազոտության համար, որն ուղղված է լինելու շաքարային դիաբետով մարդկանց շրջանում հնարավոր տուբերկուլոզային ինֆեկցիայի վաղ ախտորոշմանը և բուժմանը:
ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան ներկայացրեց ծրագրի իրականացման մանրամասները, բժշկի կողմից ներառման չափանիշները` էնդոկրինոլոգի սենյակում իրականացվող հետազոտություն, կլինիկական չափումներ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն CAD թվային տենտգեն սարքավորման միջոցով և այլն: Սքրինինգային հետազոտության մասնակցությունն ամբողջովին անվճար է: Եվ տուբերկուլոզի հայտմաբերման դեպքում քաղաքացին կստանա անվճար բուժում:
Այս ծրագրից կարող են օգտվել պոլիկլինիկայի կողմից սպասարկվող տարածքի 18 տարեկան և բարձր տարիքի բնակիչներ, ովքեր ունեն առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ախտորոշում, որոնց նշանակվել է հակադիաբետիկ բուժում:
Հետազոտության ընթացակարգը մանրմասն ներկայացվեց Արտաշատի ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Աղասի Մահտեսյանին և Արտաշատ ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչ Լուսինե Կարապետյանին:
Այս ծրագրով մեկ անգամ ևս ընդգծվում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և հիվանդության վաղ փուլում կանխարգելման կարևորությունը: