Ձեր երկրորդ շնչառությունը
Միզասեռական համակարգի տուբերկուլոզ
Միզասեռական համակարգի տուբերկուլոզը արտաթոքային տուբերկուլոզի տարատեսակ է:
Այն կարող է առաջանալ թոքերի տարած տուբերկուլոզից 10-28 տարի անց, սակայն երբեմն այդ հիվանդների մոտ թոքերում տուբերկուլոզային ախտահարում կարող է չհայտնաբերվել։
Ինֆեկցիան օրգանիզմ է թափանցում օդակաթիլային ճանապարհով: Դրսևորվում է, երբ իմունիտետը ընկնում է, որը կարող է լինել վիրահատությունների, սթրեսների, հղիության, ծննդաբերության և այլ դեպքերում: Այն արյան միջոցով կարող է տարածվել ամբողջ օրգանիզմով՝ փնտրելով թույլ օրգանները և առաջացնել հիվանդություն: Երիկամների և միզուղիների տուբերկուլոզը ողջ օրգանիզմի տուբերկուկլոզի մասնավոր տեղակայումն է: Վարակը այնտեղ է թափանցում արյան և ավշի միջոցով: Երկու երիկամները վարակվում են միաժամանակ, սակայն հիվանդությունը զարգանում է անհամաչափ, ուստի ախտահարումը թվում է միակողմանի: Սկզբում ախտաբանական փոփոխությունները տեղակայվում են երիկամների կեղևում: Հետագայում տուբերկուլոզային թմբիկները տարածվում են երիկամների միջուկում, պտկիկների շրջանում: Բորբոքման խորացման դեպքում պտկիկները ենթարկվում են խոցոտման, ապա լոռանման կազմափոխման ենթարկված հյուսվածքը հոսում է դեպի սկահակները, իսկ պտկիկների տեղում գոյանում է խոռոչ: Աստիճանաբար բորբոքումը տարածվում է սկահակների, միզածորանի և միզապարկի վրա: Միզուղիների տուբերկուլոզի ժամանակ առաջանում են գանգատներ՝ ցավոտ հաճախամիզություն, մեզի գույնի փոփոխություն (մուգ գույն, արյունամիզություն) և ինտոքսիկացիայի նշաններ՝ ընդհանուր թուլություն, վատ ախորժակ, շուտ հոգնածություն, քրտնարտադրություն:
Այս ինտոքսիկացիայի նշանները կարող են ի հայտ գալ մինչ միզուղիների գանգատները, որոնց վրա հիվանդները սկզբում ուշադրություն չեն դարձնում: Երբ առաջանում են գանգատներ միզուղիների կողմից դիմում են բժշկի: Հետազոտություններից հետո սկսում են բուժել որպես պիելոնեֆրիտ, սուր ցիստիտ, միզաքարային հիվանդություն: Բուժում են տարբեր անտիբիոտիկներով, ցանկալի արդյունք ստանալու համար երբեմն բուժում են մի քանի կուրսով, որոնք տալիս են ժամանակավոր արդյունք կամ ընդհանրապես անարդյունավետ է լինում: Հիվանդի մոտ գանգատները շարունակվում են՝ հաճախամիզությունը, որը դառնում է անտանելի ամեն 10-15 րոպեն մեկ անգամ, ցավերը սաստկանում են, նկատվում է մեզի գույնի փոփոխություն մուգ գույն, արյունամիզություն: Կասկածվում է միզուղիների տուբերկուլոզ և ախտորոշումը ճշտելու համար ուղեգրվում է համապատասխան կլինիկա հետազոտման համար: Տուբերկուլոզի ախտորոշմանը օգնում է՝ ՈՒՁՀ-ն, մեզի ընդհանուր վերլուծությունը, մեզի բակտերիոլոգիական քննությունը, ցիստոսկոպիան, որովայնի կոնտրաստ ՀՇ-ն, ախտաբանահիստոլոգիական հետաղոտությունը, մեզում ՏՄԲ-ի հայտնաբերումը:
Ախտահարվում են նաև կանացի և տղամարդկանց սեռական օրգաններ:
Կանանց մոտ առավել հաճախ տուժում են արգանդի հավելումները, արգանդի լորձաթաղանթը, որը կանացի անպտղության պատճառներից մեկն է հանդիսանում: Ախտորոշումը հիմնականում դրվում է մենստրուալ արյան մեջ կամ արգանդի խոռոչի քերուկի մեջ ՏՄԲ-ի հայտնաբերումով կամ ախտաբանահիստոլոգիայի պատասխանով:
Տղամարդկանց սեռական օրգաններից առավել տուժում են ամորձին և մակամորձին, որը կարող է հանդիսանալ տղամարդկանց անպտղության պատճառ: Ախտորոշումը հիմնականում դրվում է ախտաբանահիստոլոգիայի հիման վրա:
Երբ հիվանդների մոտ երկար ժամանակ հղիություն չի լինում, երեխա ունենալու համար դիմում են արտարգանդային արհեստական բեղմնավորման:
Շատ կարևոր է արտաարգանդային արհեստական բեղմնավորումից առաջ հետազոտել պացիենտին տուբերկուլոզի կապակցությամբ, որովհետև եթե պացիենտի մոտ անպտղության պատճառը տուբերկուլոզային հիվանդությունն է, կիրառելիք բուժումը կարող է բերել տուբերկուլոզային ինֆեկցիայի ակտիվացմանը: Եթե պացիենտի մոտ եղել է սեռական օրգանների տուբերկուլոզ, արհեստական բեղնավորումը պետք է կազմակերպել հակատուբերկուլոզային բուժումն ավարտելուց 1-1.5 տարի անց, անհրաժեշտ է հետազոտվել և համոզվել, որ պացիենտի մոտ տուբերկուլոզային հիվանդության ակտիվացում չկա:
Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է սպեցիֆիկ կլինիկաներում, հետագայում հսկվում են տուբ. կաբինետների կողմից: Տուբերկուլոզը բուժվում է և թերապևտիկ և վիրաբուժական եղանակով: Տուբերկուլոզային հիվանդությունը անվճար հիմունքներով բուժելի հիվանդություն է: