ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Կատարվել է հարողնաշարային շրջանի թարախակույտի հեռացում 03.05.2023
Կատարվել է հարողնաշարային շրջանի թարախակույտի հեռացում
Կատարվել է հարողնաշարային շրջանի թարախակույտի հեռացում

60-ամյա հիվանդը դիմել է Թոքաբանությանազգային կենտրոն` գանգատվելով ողնաշարի գոտկասրբանային հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, գիշերային քրտնարտադրությունից, ախորժակի անկումից, քաշի կորուստից, երկարատև 37-37․5 աստիճան ջերմաստիճանի բարձրացումից, զույգ ստորին վերջույթների ցավերից և ֆիզիկական ակտիվության սահմանափակումից։ ՄՌՏ հետազոտության ներկայացմամբ հիվանդը զննվել է ավագ վիրաբույժ Դավիթ Խալաթյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից: Հաշվի են առնվել անամնեստիկ, օբյեկտիվ տվյալները, որոնց հիման վրա հիվանդը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք: Այստեղ կատարվել է նախավիրահատական լայնածավալ հետազոտություններ, որոշվել է հիվանդին կատարել վիրահատական միջամտություն։

Ընդհանուր անզգայացմամբ` հիվանդին կատարվել է աջից լումբոտոմիա: Արդյունքում հայտնաբերվել է մեծ գոտկային մկանի տակ պարկավորված բազմախոռոչավոր աբսցեսներ, որոնք չնայած բարդ տեղակայման, բոլորը հատվել են, պարունակությունը դատարկվել, խոռոչների մեջ ձևավորված խտրոցները նույնպես հեռացվել են: Ձևավորվել է մեկ ամբողջական խոռոչ, որի պատերի պիոգեն թաղանթը ամբողջությամբ հեռացվել է` հետագայում նմանատիպ բարդություններից խուսափելու համար։ Կատարվել է  խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։

Ողերի մարմինների դեֆեկտը բժիշկների կողմից  գնահատվել է մինիմալ և որոշում կայացվել լրացուցիչ տրավմատիզացիայի չենթարկել և աուտոտրանսպլանտանտով ֆիքսացիա չկիրառել։

Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա գտնվում է մեր կենտրոնի մասնագետների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ Թոքաբանության ազգայի կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում ալո- և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։