Պատմություն
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ ունի տասնամյակների հարուստ և բազմաբովանդակ պատմություն:
1960-ական թվականներին Հայաստանում տուբերկուլոզը լայն տարածում գտավ, որն իրենից մեծ վտանգ էր ներկայացնում Հայաստանի ազգաբնակչության համար: Այդ տարիներին Երևանում գործում էր Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերը, որի մահճակալային ֆոնդը և պայմանները բավարար չէին տուբերկուլոզով հիվանդների բուժումն արդյունավետ կազմակերպելու համար: Դա հիմք հանդիսացավ Աբովյան քաղաքում նոր` ավելի լայն հնարավորություններով հակատուբերկուլոզային կենտրոնի ստեղծման համար, որը կարող էր անհամեմատ մեծ թվով ամբուլատոր և ստացիոնար հիվադներ սպասարկել:
Այդպիսով` 1967 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Առողջապահության նախարարության որոշմամբ Աբովյան քաղաքում հիմնվեց Հանրապետական տուբերկուլոզային կլինիկական հիվանդանոցը, որի ղեկավարումը վստահվեց այդ ասպարեզում մեծ ճանաչում ունեցող պրոֆեսոր Ա. Ս. Պիվազյանին: Նրան հետագայում երկար տարիներ փոխարինեց հայտնի բժիշկ Ա. Գ. Կաղզբանցյանը:
Ի սկզբանե 500 մահճակալային ֆոնդ ունեցող Հանրապետական տուբերկուլոզային կլինիկական հիվանդանոցը ապահովված էր տուբերկուլոզի ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ լաբորատոր-գործիքային սարքավորումներով և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով: Այստեղ աշխատում էին ինչպես թոքերի, այնպես էլ արտաթոքային տուբերկուլոզի մասնագետներ՝ բոլոր օրգան-համակարգերի տարատեսակ ախտահարումները բացահայտելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Հետագայում՝ 1987 թվականին Հանրապետական տուբերկուլոզային կլինիկական հիվանդանոցը, միավորվելով Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի հետ, վերանվանվեց Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր, որը Խորհրդային Միության տարիներին համագործակցում և հովանավորվում էր Մոսկվայի տուբերկուլոզի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից: Հարկ է նշել, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը միաժամանակ կլինիական բազա էր հանդիսանում Երևանի պետական բժշկական ինստիտուտի և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ֆթիզիատրիայի՝ թոքախտաբանության ամբիոնների համար, և այստեղ իրականացվում էին բազմաթիվ գիտաբժշկական ու փորձարարական հետազոտություններ՝ վերոհիշյալ բուհերում ֆթիզիատրիայի դասավանդման հիմնադիրներ պրոֆեսոր Ե. Ստամբուլցյանի և դոցենտ Թ. Բաբայանի գլխավորությամբ: Այստեղ իրենց ատենախոսություններն են պաշտպանել նաև ներկայիս մեր կենտրոնի բազմավաստակ մասնագետներ՝ տնօրենի գիտական գծով խորհրդական դոցենտ Լյուբով Թաթուլի Նիկոլայանն ու բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Ռուստամի Բեգլարյանը:
Խորհրդային Միության տարիներին տուբերկուլոզի բուժման համար չկար ստանդարտ սխեմա և յուրաքանչյուր հիվանդ բուժվում էր անհատական մոտեցմամբ՝ դեղորայքային և վիրաբուժական միջամտություններից զատ լայնորեն կիրառելով նաև կոլապսոթերապիա: Այդ ժամանակ դիսպանսերում գործում էր դիագնոստիկ բաժանմունք, դիսպանսեր բաժանմունք` ամբուլատոր հիվանդների սպասարկման համար, մանկական բաժանմունք, արտաթոքային բաժանմունք, որը զբաղվում էր աչքերի, շնչառական ուղիների, ավշագեղձերի, ոսկրահոդային, միզասեռական, որովայնային տուբերկուլոզի բուժմամբ, վիրաբուժական բաժանմունք, ինչպես նաև 4 թերապևտիկ բաժանմունքներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում էր առանձնացված գործառույթ: Դժվար է գերագնահատել պրոֆեսոր Էդուարդ Կարապետյանի դերը կրծքային վիրաբուժությունում, ում գլխավորությամբ Վահան Գարգալոյանը, Նորայր Ավանեսյանն ու այլ հայտնի կրծքային վիրաբույժներ հաջողությամբ իրականացնում էին թոքերի մասնահատման և թոքամզի բարդ վիրահատություններ:
Ժամանակի ընթացքում Աբովյանի դիսպանսերը` ինչպես որ հանրության շրջանում ընդունված էր անվանել Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը, կարողացավ լուրջ հաջողություններ գրանցել և առանձնանալ Հայաստանում գործող այլ տուբերկուլոզային դիսպանսերներից` դառնալով տուբերկուլոզի դեմ պայքարի գլխավոր կենտրոններից մեկը:
Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, պատերազմական տարիներին Հայաստանում նկատվեց տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի վատացում, մասնավորապես բուժման արդյունավետության նվազում, որը պայմանավորված էր հակատուբերկուլոզային դեղորայքի պակասով և մարդկանց կենսապայմանների վատթարացմամբ:
Սակայն ամեն բան փոխվեց, երբ 1995 թվականին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղղորդմամբ և աջակցությամբ, Հայաստանում ներդրվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը` հիմնված DOTS (Directly Observed Treatment, Short-course - Ուղղակիորեն հսկվող բուժման կարճատև կուրս) ռազմավարության վրա, որն առաջարկում էր տուբերկուլոզի կանխարգելման, հիվանդության վաղ ախտորոշման և բուժման, դրա հետագա վարման և հսկողության նոր մոտեցումներ: DOTS ռազմավարության կարևոր խնդիրներից էր տուբերկուլոզով հիվանդների բուժման ողջ ընթացքի ուղղակիորեն բժշկական վերահսկողության կազմակերպումը՝ հիվանդների կողմից հակատուբերկուլոզային դեղորայքի ընդունման խիստ հսկողությամբ (դեղի յուրաքանչյուր հաջորդ չափաբաժինը հիվանդն ընդունում էր բուժաշխատողի ներկայությամբ): Դա իր հերթին պետք է նպաստեր հիվանդների լիարժեք ապաքինմանը, և հետագայում տուբերկուլոզի դեղակայուն ձևերի առաջացման կանխարգելմանը: Հարկ է նշել, որ DOTS-ը ներկայումս էլ համարվում է տուբերկուլոզի դեմ պայքարի գործող ռազմավարություններից ամենաարդյունավետը:
Այդպիսով՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման շնորհիվ, կարելի է ասել, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարը թևակոխեց մի նոր փուլ, և Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի արդեն իսկ փորձառու բժիշկները, մեկտեղելով ֆթիզիատրիայի ռուսական դպրոցի պրակտիկան և պարբերաբար անցնելով վերապատրաստումներ՝ այս ծրագրում իրենց ներգրավվածության արդյունքում ստեղծեցին մի նոր մշակույթ, որը միտված էր ոչ միայն տուբերկուլոզի արդյունավետ բուժմանը, այլև տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը ժամանակի ընթացքում գրանցեց լուրջ հաջողություներ և 2014 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ՝ միավորվելով Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի հետ, վերակազմավորվեց և դարձավ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն: Որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, այն կազմակերպում էր ոչ միայն տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացումը, այլև ՀՀ տարածքում Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող, տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված, միջոցառումների իրականացման համակարգումը, կազմակերպումն ու դիտարկումը, այդ թվում՝ մեթոդոլոգիական օժանդակության ցուցաբերումը ՀՀ տարածքում գործող տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայություններին և ՀՀ ազգաբնակչությանը տուբերկուլոզի կանխարգելման նպատակով առողջ վարքագծի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
Վերջին տասնամյակներում, նորածինների շրջանում հակատուբերկուլոզային պատվաստումների լայնորեն կիրառման, բնակչության կենսապայմանների բարելավման, հանրային գիտակցության բարձրացման, առողջապահական տարբեր ծրագրերի և պետության աջակցության ու ֆինանսավորման շնորհիվ, հնարավոր եղավ հասնել տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների՝ հիվանդացության ու մահացության զգալի կրճատման: Համեմատելով վերջին 10 տարիների արդյունքները՝ 2019 թվականին արձանագրված հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով ըստ նոր տուբերկուլոզի դեպքերի նվազել է 2.5 անգամ, իսկ հիվանդացությունը ըստ նոր ու ախտադարձ տուբերկուլոզի դեպքերի նվազել՝ շուրջ 3 անգամ և տուբերկուլոզից մահացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով նվազել է 2.2 անգամ: Սա վկայում է, որ տուբերկուլոզը, որպես վարակիչ հիվանդություն, նահանջում է և, հաշվի առնելով միջազգային փորձը, արդիական է դառնում տուբերկուլոզի միաձուլումը թոքային այլ հիվանդությունների հետ: Դա է պատճառը, որ մեծ պատմություն ունեցող Աբովյանի դիսպանսերը, շարունակելով տուբերկուլոզը պահել իր ուշադրության կենտրոնում, այսօր արդեն ներկայանում է որպես Թոքաբանության ազգային կենտրոն, իր առջև նպատակ դնելով արդիական ու արդյունավետ մեթոդաբանությամբ ախտորոշել և բուժել բնակչության տարաբնույթ այլ թոքային հիվանդություններ:
Ներկայումս էլ Թոքաբանության ազգային կենտրոնի բժշկական և ծրագրային աշխատակիցները, համագործակցելով Գլոբալ հիմնադրամի հետ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետների խորհրդատվությամբ, տարբեր հասարակական կազմակերպությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, մշակում են 2021-2025 թվականների տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ազգային ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է ՀՀ-ում կանխել տուբերկուլոզի տարածումը, ինչպես նաև նվազեցնել դեղակայուն տուբերկուլոզով վարակված հիվանդների թիվը` ողջ ազգաբնակչությանը տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման համընդհանուր հասանելիության ապահովման ճանապարհով` դրանով իսկ նպաստելով նաև տուբերկուլոզով հիվանդացության նվազեցմանը և տարածման կասեցմանը: