ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Տեղեկատվություն

Առողջ շնչառություն 19.07.2021
Առողջ շնչառություն
Առողջ շնչառություն

Ինչպես ենք մենք շնչում (արագ կամ դանդաղ, մակերեսային կամ խորը, կրծքավանդակով կամ որովայնով) ազդում է մեր տրամադրության, սթրեսի մակարդակի, արյան ճնշման, իմունային համակարգի և օրգանիզմում տեղի ունեցող այլ գործընթացների վրա:

Պետք է նշել՝ որքան հաճախ է շնչառությունը, այնքան էլ մեծ է առողջական լուրջ խնդիրների հավանականությունը:

Այսպիսով՝ ինչպե՞ս ճիշտ շնչել՝ չվնասելով առողջությունը:

Առողջ շնչառության առաջին և ամենակարևոր պայմանը քթով շնչելն է, անգամ ֆիզիկական վարժությունների ընթացքում:

1. Քթային շնչառությունն օգնում է պայքարել վարակների դեմ: Մեր քիթը միակ  օրգանն է, որը կարող է պատշաճ կերպով «պատրաստել» մեր շնչած օդը: Քթուղիներով անցնող օդը տաքանում է, խոնավանում, խառնվում ազոտի օքսիդի հետ, որն ունի 2 կարևոր գործառույթ. սպանում է հարուցիչներին և լայնացնում անոթներն ու մազանոթները ՝ հագեցնելով թթվածնով:

2. Քթային շնչառությունը (ի տարբերություն բերանով շնչելու) բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում արյան մեջ թթվածնի մակարդակը, դանդաղեցնում շնչառության ռիթմը և մեծացնում թոքերի ընդհանուր ծավալը:

3. Քթային շնչառությունը մասնակցում է մարմնի ջերմակարգավորմանը՝ օգնելով պահպանել մարմնի ջերմաստիճանը:

4. Քթով շնչելը բարելավում է ուղեղի գործունեությունը և մարմնի բոլոր օրգան համակարգերի աշխատանքը:

5. Քթային շնչառությունն օգնում  է բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, այդ թվում նաև ֆիզիկական վարժությունների:

6. Քթային շնչառությունն ունի բուժական ազդեցություն: Ճիշտ շնչառությունը իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում սթրեսի մակարդակը:

Բերանով շնչառությունը կարող է հանգեցնել կծվածքի դեֆորմացիայի, երեխաների մոտ դեմքի անատոմիական փոփոխությունների, քնի որակի վատթարացման: Բացի այդ, բերանով շնչելու ընթացքում տեղի է ունենում օրգանիզմի ջրի կորուստ, ինչը կարող է ջրազրկման պատճառ դառնալ:

Բերանով շնչառությունը խաթարում է օրգանիզմի բնականոն ֆիզիոլոգիական գործընթացները, առաջ բերելով մի շարք առողջական խնդիրներ, օրինակ՝ խռմփոց, գիշերային ապնոէ և այլն: Այն հանգեցնում է նաև մարմնի ածխաթթու գազի մակարդակի իջեցմանը և թոքերի օդից թունավոր աղտոտիչները զտելու ունակության նվազմանը:

Բերանով կարելի է շնչել արտակարգ իրավիճակներում: Օրինակ՝ թթվածնաքաղցի ժամանակ մեր մարմինը ռեֆլեկտոր կերպով արձագանքում է թթվածնի պակասին, սկսելով հորանջել՝ այդպիսով փորձելով ավելացնել մատակարարվող օդի քանակը:

Այսօր ամբողջ աշխարհում լայն տարածում ունի շնչառական մարմնամարզությունը, որի կատարման համար առաջարկվում են տարբեր տեխնիկաներ: Վարժությունների ընթացքում, շնչառության վերահսկման շնորհիվ, մարզվում են շնչառական մկանները՝ բարելավելով շնչառական համակարգի աշխատանքը:

Շնչառական մարմնամարզություն ցուցվում է բրոնխ-թոքային համակարգի բոլոր հիվանդությունների դեպքում, պարզապես,  հիվանդությունից կախված, վարժությունները կարող են լինել տարբեր բարդության, ինտենսիվության և տևողության: Բուժական նպատակներով շնչառական մարմնամարզությունը պետք է կատարվի մասնագետի նշանակմամբ և նրա վերահսկողությամբ:

Հարկ է նշել, որ շնչառական վարժությունները հատկապես կարևոր են Covid-19-ից հետո վերկանգնողական փուլում:

Հետևե՛ք Ձեր շնչառությանը և եղե՛ք առողջ: