Ձեր երկրորդ շնչառությունը
Ինչպես արդեն գիտենք տուբերկուլոզը հիմնականում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են ոչ միայն թոքերը, այլ նաև այլ օրգան համակարգեր (բացառությամբ եղունգներից և մազերից):
Վարակելիության տեսանկյունից վարակող են համարվում թոքերում ակտիվ տուբերկուլոզ ունեցող հիվանդները, ովքեր հազալիս, փռշտալիս կամ խոսելիս արտազատում են տուբերկուլոզի ակտիվ բացիլներ: Հազվադեպ հանդիպում է նաև ալիմենտար՝ սննդի միջոցով վարակի տարածումը: Մարդու համար վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաև տուբերկուլոզով հիվանդ կենդանիները (խոզերը, խոշոր եղջերավոր անասունները, կատուները, շները, թռչունները):
Տուբերկուլոզը չի փոխանցվում ժառանգաբար:
Տուբերկուլոզով հնարավոր չէ վարակվել հասարակական տրանսպորտում, սրճարանում կամ խանութում:
Կարևոր է հասկանալ, որ տուբերկուլոզով կարելի է վարակվել ու հիվանդանալ միայն ակտիվ բացիլակիր հիվանդի հետ երկարատև կոնտակտի արդյունքում: Բացի այդ պետք է նշել, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով միշտ չէ բերում հիվանդության առաջացման, քանզի օրգանիզմի դիմադրողականությունը մեզ ակտիվ պաշտպանում է բոլոր տեսակ վարակներից: Այս տեսանկյունից հիվանդության առաջացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը:
Տուբերկուլոզի ռիսկի խմբում են՝
ՄԻԱՎ վարակակիրները,
Քաղցկեղով հիվանդները,
Ալկոհոլիզմով տառապողները,
Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
Հղիներն ու երեխաները: