Ձեր երկրորդ շնչառությունը
Բացի կորոնավիրուսից (Covid-19), ներկայումս տարածվում է նաև գրիպի վիրուսը, որն, ինչպես արդեն գիտենք, կրում է սեզոնային բնույթ: Covid-19-ի և գրիպի վիրուսները փոխանցվում են հիմնականում օդակաթիլային եղանակով և առաջացնում են շնչառական հիվանդություն, որը երկու դեպքում էլ ընթանում է նմանատիպ ախտանշաններով: Սակայն, այնուամենայնիվ, դրանց միջև կան էական տարբերություններ, որոնք պետք է իմանալ՝ հիվանդությանը ճիշտ և արագ արձագանքելու և հնարավոր բոլոր տեսակ բարդություններից խուսափելու համար:
Հիմնական ախտանշանները
Գրիպ - ջերմություն, հազ, կոկորդի ցավ, մկանացավեր և հոդացավեր, գլխացավ, քթի փակվածություն, հոգնածություն, հազվադեպ նաև փսխում կամ փորլուծություն:
Covid-19 - ջերմություն, հազ, դժվարաշնչություն, երբեմն նաև համի ու հոտի զգացողության կորուստ: Սրանք հիմնական ախտանշաններն են, սակայն հիվանդության կլինիկական պատկերը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել:
Տարածումը
Ճիշտ է, կորոնավիրուսը դեռ լիովին ուսումնասիրված չէ, սակայն հստակ կարելի է նշել, որ այն շատ ավելի վարակիչ է, քան գրիպը: Կորոնավիրուսով վարակված անձը կարող է միջինում վարակել 2.2 առողջ մարդու, իսկ գրիպով հիվանդը՝ 1.3 առողջ մարդու: Գրիպի տարածման ռիսկի խմբերն են՝ երեխաները, հղի կանայք, տարեցները, քրոնիկ հիվանդություններով և թույլ իմունային համակարգով մարդիկ: Գրիպը հիմնականում ակտիվ տարածվում է երեխաների և դեռահասների միջոցով, քանի որ նրանք են ամենից շատ հիվանդանում գրիպով: Covid-19-ով վարակվում են բոլոր տարիքային խմբերը, սակայն, ըստ նախնական ուսումնասիրությունների, փոքր տարիքի երեխաներն ու դեռահասներն ամենից քիչն են տուժում: 60 տարեկանից բարձր, ուղեկցող քրոնիկ հիվանդություններով անձանց մոտ է առավել հավանական կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերի զարգացումը:
Հիվանդության ընթացքը
Գրիպի և կորոնավիրուսի մյուս կարևոր տարբերությունը դա ինկուբացիոն (գաղտնի) շրջանների տևողությունն է: Գրիպի դեպքում հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-2 օր է, իսկ կորոնավիրուսի դեպքում՝ միջինում 7 օր: Չնայած երկու վիրուսներն ունեն ախտանշանների նմանություններ, սակայն ծանր դեպքերի համամասնությունը, կարծես թե, տարբեր է: Նախնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակավածների 80%-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև կամ ասիպտոմ, 15%-ի մոտ՝ ծանր՝ թթվածնի անբավարարությամբ, իսկ 5%-ը՝ ծայրահեղ ծանր (կրիտիկական) դեպքերն են, որոնք պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն: Այսպիսով՝ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը գրիպի վիրուսի համեմատ շատ ավելի բարձր է:
Բուժումը
Ինչպես ցանկացած այլ վիրուս, այնպես էլ գրիպն ու կորոնավիրուսը չեն բուժվում հակաբիոտիկներով: Գրիպի բուժման համար գոյություն ունեն տարատեսակ հակավիրուսային դեղամիջոցներ, իսկ գրիպից առաջացող բարդությունները կարելի է կանխել գրիպի դեմ պատվաստվելով:
Covid-19-ի բուժման համար չկան հատուկ դեղամիջոցներ: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս շատ հանգստանալ, օգտագործել շատ հեղուկ և վիտամիններով հարուստ սնունդ, բարձր ջերմության դեպքում ընդունել ջերմիջեցնողներ: Covid-19-ի դեմ պատվաստանյութն արդեն ստեղծվել է, սակայն մեծ ծավալով այդ դեռ հասանելի չէ:
Մահացությունը
Չնայած Covid-19-ից մահացության մակարդակը հստակ հայտնի չէ և այն հնարավոր չէ ճշգրիտ գնահատել, քանզի տարբեր երկրներում դրա մակարդակը տարբեր է՝ կախված տվյալ երկրում կորոնավիրուսով վարակված անձանց ցուցաբերվող բժշկական օգնության հնարավորություններից, այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսից մահացությունն ավելի բարձր է, քան գրիպից: