Ձեր երկրորդ շնչառությունը
«Համայնքային առողջապահության արդյունքների ընդլայնում» (ECHO) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնն իրականացրել է հերթական` այս տարվա առաջին առցանց դասընթացը «Տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումներ» թեմայով։ Դասընթացին մասնակցել են հակատուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող առողջության առաջնային պահպանման օղակի ավելի քան 50 հաստատությունների մասնագետներ, առողջապահության նախարարության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։
«ECHO» նախագիծը երկրի բոլոր տուբերկուլոզային ծառայությունների առցանց հաղորդակցման, խնդիրների համատեղ լուծման և դեպքերի վրա հիմնված ուսուցման հարթակ է` հիմնված նորարարական տեսակոնֆերանսի տեխնոլոգիայի վրա: Այն ուղղված է տուբերկուլոզի հայտնաբերման, կանխարգելման և բուժման ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական ներուժի և շարունակական բժշկական կրթության համակարգի զարգացմանը:
Ընդհանուր առմամբ, ծրագիրը կբարելավի հակատուբերկուլոզային ծառայությունների որակն ու հասանելիությունը, հատկապես հեռավոր բնակավայրերում, երբ ճամփորդությունը և կանոնավոր անհատական ուսուցումը ծախսատար և ժամանակատար են: Հարթակի կարևորությունն առավել ընդգծվել է COVID-19-ի հետ կապված սահմանափակումների և այդ իրավիճակում արտահիվանդանոցային բժշկական ծառայությունների, այդ թվում` տուբերկուլոզի ախտորոշման և բուժման անխափան իրականացման մարտահրավերների ֆոնի վրա:
Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ECHO» ծրագիրը մեր երկրում ներդրվել է Նյու Մեքսիկոյի համալսարանի (ԱՄՆ) և ԱՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա` համալսարանի փորձագետների տեխնիկական աջակցությամբ: Ծրագրի իրագործմանն աջակցություն է ցուցաբերել նաև Ասիական զարգացման բանկը` տրամադրելով հեռաբժշկության սարքավորումներ շուրջ 40 առողջապահական հաստատությունների։