Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում բարեհաջող հեռացվել է հսկա չափերի միզապարկի քար:
Պացիենտը մեր կենտրոն դիմել էր թոքերի տուբերկուլոզային ախտահարումով և ուրոլոգիական բնույթի մի շարք ախտանշաններով: Հետազոտությունների արդյունքում պացիենտի միզապարկում հայտնաբերվել է հսկա քար՝ եզակի 4.0*7.7 սմ չափերի:
Պացիենտին վիրահատելու համար մեր կենտրոն էր հրավիրվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Վահրամ Հակոբյանը: Մեր թիմից վիրահատությանը մասնակցել է Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ Նարեկ Սարգսյանը, իսկ անեսթեզիան ապահովել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ Ժաննա Թադևոյանը: Վիրահատության ընթացքում կատարվել է ստորին միջային լապարատոմիա, և միզապարկի հատակին հայտնաբերվել է քարը: Այն հեռացվել է զգուշությամբ՝ առանց շրջակա հյուսվածքները վնասելու:
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, և ներկայումս պացիենտը ապաքինվում է՝ գտնվելով բժիշկների մշտական հսկողության տակ: