Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզը ծանր հիվանդություն է ոչ միայն այն պատճառով, որ այն խարանավորված է, այլև այն մի շարք հոգեբանական դժվարություններ է առաջացնում հիվանդի մոտ. ախտորոշման անսպասելիությունն առաջացնում է վախ, տագնապ, անհանգստություն և մտահոգություն մտերիմների առողջության, իրենց և մտերիմների ապագայի հետ կապված: Հիվանդությամբ պայմանավորված՝ մարդիկ հաճախ կորցնում են աշխատանքը, որոշ դեպքերում ընտանեկան հարաբերությունները կոնֆլիկտային բնույթ են ստանում, նրանք զգում են իրենց անարդարացի կերպով սոցիալական միջավայրից դուրս շպրտված, բուժման և հիվանդության հետ կապված այլ հանգամանքներով պայմանավորված տարակարծություններ են ունենում ընտանիքի անդամների և մտերիմների հետ: Նշված հանգամանքները ևս բացասական ազդեցություն են ունենում հիվանդների հոգեբանական վիճակի վրա: Իսկ հիվանդությամբ պայմանավորված ֆիզիկական ցավերը, բուժման ռեժիմը և տևականությունը միայն խորացնում են առկա հոգեբանական դժվարությունները: Վերոնշյալի շրջանակներում խիստ կարևորվում է իրականացվող կրթական դասընթացը և սոցիալ-հոգեբանական խորհրդատվությունը: Հիվանդները բազմիցս նշել են, որ կրթական աշխատանքն օգնել է ճիշտ հասկանալ հիվանդության բնույթը, տեսակները, բուժման հանդեպ պարտաճանաչության և բուժումն ավարտին հասցնելու կարևորությունը: Հիվանդության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն օգնում է թուլացնել բացասական հույզերը, որոնք հիմնականում առաջ են գալիս հիվանդության վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանքով: Ինչպես գիտենք տեղեկատվության բացերը մարդը փորձում է լրացնել հնարավոր տարբերակներով, իսկ այդ տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը՝ առաջացնելով մի շարք բացասական մտքեր և ապրումներ:
Անդրադառնանք հիվանդության բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հիվանդների մտքերին, ինչպես նաև բացիլազատող և ոչ բացիլազատող հիվանդ լինելու հանգամանքին: Բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ մտքերի հիմքում ընկած են սեփական կյանքի հանդեպ անհանգստությունը, տագնապը, մահվան վախը, որոնք առաջ են բերում հիմնականում դեպրեսիվ և տագնապային վիճակներ, իսկ բացիլազատող և ոչ բացիլազատող լինելու հանգամանքն ազդում է հիմնականում սոցիալական հարաբերությունների վրա:
Հիվանդների հետ հոգեբանական աշխատանքում խիստ կարևորովում է նաև սուբյեկտիվության հանգամանքին անդրադարձը. հաճախ հիվանդները պատմում են, որ մանկության տարիներին իրենց շրջապատում եղել են ՏԲ-ով հիվանդներ, ում նկատմամբ շրջապատը մերժողական վերաբերմունք է ցուցաբերել, ինչն ակնկալում են նաև իրենց շրջապատից, որը սակայն հաճախ չի համապատասխան տվյալ հիվանդների հարազատների, մտերիմների վերաբերմունքին հիվանդին և նրա հիվանդությանը:
ԹԱԿ ՊՈԱԿ-ում հոգեբանական աշխատանք է տարվում նաև անչափահաս հիվանդների հետ, այս դեպքում ևս շատ կարևոր է անդրադառնալ հիվանդության հիմնական հոգեբանական առանձնահատկություններին, քանի որ հաճախ երեխաներն արտահայտում են մտքեր, որոնք լսել են ծնողներից, մեծահասակներից, ինչից ելնելով ունենում են բացասական հույզեր, ապրումներ, այստեղ շատ կարևոր է աշխատանքը շրջապատի մեծահասակների հետ, որպեսզի նրանք իրենց սուբյեկտիվ կարծիքը, հույզերը չփոխանցել երեխաներին՝ դրանով իսկ բարդացնելով երեխաների հոգեվիճակը, ինչն իր հերթին հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջ զարգացման վրա: