Ձեր երկրորդ շնչառությունը
Հիվանդը դիմել է Թոքաբանության ազգային կենտրոն` գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի սուր ցավերից՝ մասնավորապես ձախ ստորին վերջույթ ճառագայթող, ընդհանուր թուլությունից, ախորժակի անկումից, քաշի կորստից, ֆիզիկական ակտիվության սահմանափակումից, խիստ արտահայտված ցավային համախտանիշից։
Բուժառուն, որը 77 տարեկան կին է, նախկինում այլ բժշկական կենտրոնում վիրահատվել էր գոտկային առաջին ողի պաթոլոգիկ կոտրվածքի կապակցությամբ:
Վերջին 6 ամիսների ընթացքում հիվանդի մոտ ի հայտ են եկել վերը նկարագրված գանգատները, ինչի կապակցությամբ դիմել է Թոքաբանության ազգային կենտրոն, զննվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ավագ վիրաբույժ՝ Լ․Դ․ Խալաթյանի և բաժանմունքի ղեկավար Ն․ Սարգսյանի կողմից։ Արդյունքում իրականացված ՄՌՏ հետազոտության, անամնեստիկ և օբյեկտիվ տվյալների հիման վրա հիվանդը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք։ Հիվանդն ունի բազմաթիվ ուղեկցող և քրոնիկական հիվանդություններ։ Այնուամենայնիվ նախավիրահատական փուլում կատարված մանրակրկիտ հետազոտությունների և բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ հնարավոր եղավ վիճակը կորեկցել և հիվանդին պատրաստել վիրահատական միջամտության։
Վիրահատությունը կատարվեց ընդհանուր անզգայացմամբ, որն առանց միջադեպերի ապահովեցին անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված թիմի կողմից` ի դեմս բաժանմունքի ղեկավար Լ․ Վ․ Սարումյանի։ Կատարվել է ձախից լումբոտոմիա. արդյունքում հայտնաբերվել է գոտկային մեծ մկանի հաստության մեջ պարկավորված մեծ չափերի աբսցես (300 մլ թարախային արտադրություն), որը բացազատվել է։ Կատարվել է աբսցեսի պարունակության դատարկում և թարախածին թաղանթի քերում, խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։
Վիրահատությունն իրականացվել է ավագ վիրաբույժ Լևոն Խալաթյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից:
Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների, ցավային համախտանիշը վերացել է։ Նա գտնվում է կենտրոնի մասնագետների հսկողության տակ։ Առաջիկայում պլանավորվում է կատարել նմանատիպ միջամտություն աջից։
Կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում ալո-և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։