Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, ինչով պայմանավորված հասարակության շրջանում կան մի շարք կարծրատիպեր. առկա են նաև խարան, խտրականություն հիվանդների նկատմամբ՝ ինչպես հիվանդի ընտանիքի անդամների, մտերիմների, այնպես էլ հասարակության ավելի լայն շերտերի կողմից: Հաճախ հիվանդները մերժված լինելու վախից ինքնամեկուսանում են: Այս դեպքում նրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն նախապես մեկուսանում են շրջապատից՝ խուսափելով նրանց կողմից մերժումից, բացասական վերաբերմունքից: Նախապես մեկուսանալով, կարծես, մեղմում են իրենց՝ մերժված լինելու զգացումը: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդները պրոյեկտում են իրենց վերաբերմունքը տուբերկուլոզով հիվանդների նկատմամբ, այսինքն, հիվանդը վստահ է, որ իր հետ չեն ցանկանա շփվել, կխուսափեն իրենից, քանի որ ինքը նման իրավիճակում նախկինում նույն կերպ է վարվել կամ ներկայումս նույն կերպ կվարվեր: Վերջին վարքաձևի հետ կապված հիվանդները հաճախ պատմում են, որ մանկության տարիներին իրենց շրջապատում եղել են տուբերկուլոզով հիվանդներ, ում նկատմամբ շրջապատը մերժողական վերաբերմունք է ցուցաբերել, իրենց թույլ չեն տվել շփվել հիվանդների հետ, մոտենալ նրանց և այլն: Այսպիսով, արդեն հասուն տարիքում հիվանդները նույնն ակնկալում են նաև իրենց շրջապատից, որը, սակայն, հաճախ չի համապատասխան տվյալ հիվանդների հարազատների, մտերիմների վերաբերմունքին հիվանդին և նրա հիվանդությանը:
Ասվածի շրջանակներում հատկապես կարևորվում է ընտանիքի դերը. հաճախ հենց ընտանիքն է հանդիսանում հիվանդի և հասարակության միջև հարաբերությունները, կապը հաստատողը և պահպանողը: Հստակորեն կարող եմ փաստել, որ այն հիվանդները՝ անկախ հիվանդության բարդության աստիճանից, ովքեր ստանում են ընտանիքի անդամների, մտերիմների աջակցությունը, առավել հեշտությամբ են հաղթահարում շրջապատից մեկուսացումը, բուժման ընթացքում հնարավոր դժվարությունները. ընտանիքի աջացկությունը կարևոր դրդապատճառ է դառնում ապաքինման, կյանքի դրական որակի ապահովման առումով: Ընտանիքի անդամը մեծ դեր ունի թե՛ հիվանդի հոգեբանական վիճակի կայունացման, թե՛ սոցիալական հարաբերությունների կարգավորման հարցում:
Ակնհայտ է, որ հիվանդները, ովքեր չեն ստանում ընտանիքի անդամների աջակցությունը, հիվանդության վարակելիության հանգամանքով պայմանավորված` մերժվում են ընտանիքի անդամների, մտերիմների կողմից, ավելի բարդ հոգեբանական վիճակում են հայտնվում, նրանց մոտ սկսում են արտահայտվել բացասական ապրումներ, հույզեր, հաճախ արտահայտվում է անիմաստության զգացումը: Իսկ աջակցող ընտանիքի անդամներ ունենալու դեպքում հենց ընտանիքի անդամների մասին հետագայում հոգ տանելը, նրանց հետ շփումը, հարաբերությունները հիվանդների համար դառնում է կարևոր հանգամանք, այդպիսով, կարծես, իմաստավորում են իրենց ապաքինումը:
Հատկանշական է, որ բացասական հույզերը, բարդ հոգեբանական վիճակները հաճախ «սնվում են» գիտելիքների պակասից կամ անվերահսկելի տեղեկատվության հոսքից: Ինչպես գիտենք տեղեկատվության բացերը մարդը փորձում է լրացնել հնարավոր տարբերակներով, իսկ այդ տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը՝ առաջացնելով մի շարք բացասական մտքեր և ապրումներ: Հիվանդության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն օգնում է նվազեցնել բացասական հույզերի ինտեսնիվությունը:
ԹԱԿ ՊՈԱԿ-ում «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակիորեն վերահսկվող բուժում» ծրագրի շրջանակներում դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների հետ իրականացվող աշխատանքներում կարևոր տեղ է հատկացվում վերջիններիս հետ իրականացվող կրթական դասընթացին, որի նպատակն է արժանահավատ տեղեկատվության փոխանցումը, հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին հուզող հարցերին անդրադարձը թե՛ բժշկական, թե՛ հոգեբանական առումով: Խոսքը վերաբերում է առաջին հերթին հիվանդության բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հիվանդների մտքերին, ինչպես նաև բացիլազատող և ոչ բացիլազատող հիվանդ լինելու հանգամանքին: Բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ մտքերի հիմքում ընկած են սեփական կյանքի հանդեպ անհանգստությունը, տագնապը, մահվան վախը, իսկ բացիլազատող և ոչ բացիլազատող լինելու հանգամանքն ազդում է հիմնականում սոցիալական հարաբերությունների բնույթի վրա: Հիվանդները հաճախ նշում են, որ կրթական դասընթացն օգնում է ճիշտ հասկանալ հիվանդության բնույթը, տեսակները, բուժման հանդեպ պարտաճանաչության և բուժումն ավարտին հասցնելու կարևորությունը, որն իր դրական ազդեցությունն է ունենում հիվանդների հոգեվիճակի, իռացիոնալ մտքերի վերանայման տեսանկյունից:
Ինչպես նաև հոգեբանի և բուժքրոջ կողմից իրականացվող կրթական դասընթացը հաճախ առաջին համատեղ զրույցն է լինում հիվանդի և նրա ընտանիքի անդամի միջև, որի ընթացքում հավասար հնարավորություններ են տրվում երկու կողմերին էլ, նրանք հնարավորություն են ունենում արտահայտվել, լինել լսելի և լսել մտերիմի կարծիքը նույն հարցի շուրջ: Լինում են դեպքեր, երբ հիվանդի հետ նախքան կրթական դասընթացը իրականացվող հանդիպումների ընթացքում միասին մշակում ենք այն կարևոր հարցերը, որոնց վերջինս ցանկանում է անդրադառնալ ընտանիքի անդամի հետ իրականացվող կրթական դասընթացի ընթացքում: Այսինքն, ընտանիքի անդամի հետ այս հանդիպումը նաև կարևոր կապ է ստեղծում հիվանդի և նրա ընտանիքի անդամի միջև հիվանդության խնդրի շուրջ: Կրթական դասընթացի ընթացքում նաև բուժքույրը մանրամասն ներկայացնում է հիվանդին և նրա ընտանիքի անդամին, թե ինչպես է անհրաժեշտ կազմակերպել հիվանդի առօրյան, խնամքն արդեն ամբուլատոր բուժման փուլում: Անդրադարձ է կատարվում մի շարք կենցաղային հարցերին, որոնց պատասխանները ստանալն օգնում է ավելի կազմակերպված և ապահով զգալ բուժման այդ փուլում:
Այսպիսով, ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող տուբերկուլոզի ուղղակիորեն վերահսկվող բուժման կենտրոնում հիվանդն է՝ իր արժեհամակարգով, կարիքներով, հուզող հարցերով, անհանգստացնող խնդիրներով: Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող բուժման մեջ համակարգային և ամբողջական աշխատանքը թույլ է տալիս դրական ազդեցություն ունենալ հիվանդի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա՝ դրանով նպաստելով տուբերկուլոզի բուժման արդյունավետության բարձրացմանը:
ԹԱԿ ՊՈԱԿ-ում հոգեբանական աշխատանք է տարվում նաև անչափահաս հիվանդների հետ, այս դեպքում ևս շատ կարևոր է անդրադառնալ հիվանդության հիմնական հոգեբանական առանձնահատկություններին, քանի որ հաճախ երեխաներն արտահայտում են մտքեր, որոնք լսել են ծնողներից, մեծահասակներից, ինչից ելնելով ունենում են բացասական հույզեր, ապրումներ, այստեղ շատ կարևոր է աշխատանքը շրջապատի մեծահասակների հետ, որպեսզի նրանք իրենց սուբյեկտիվ կարծիքը, հույզերը չփոխանցել երեխաներին՝ դրանով իսկ բարդացնելով երեխաների հոգեվիճակը, ինչն իր հերթին հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջ զարգացման վրա:
Տուբերկուլոզով կարող է հիվանդանալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից, և շատ կարևոր է, որպեսզի տուբերկուլոզով հիվանդ հարազատի, մտերիմի կամ պարզապես ծանոթի դեպքում շփվենք անձի, այլ ոչ թե նրա հիվանդության հետ: Եվ չմոռանանք, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, տուբերկուլոզի որոշ տեսակներ վարակիչ չեն, իսկ թոքային վարակիչ տարբերակը ժամանակին և պատշաճ բուժման պարագայում կարճ ժամանակում դառնում է ոչ վարակիչ և ամենևին չի խոչընդոտում անձի բնականոն կենսագործունեությանը: