Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այսօր ընդունել է Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանին և Արտակ Ջումայանին:
Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր:
Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը ներկայացրել է «ԹԱԿ» ՊՈԱԿ-ի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության զարգացումը` ուղղված ՏԲ պացիենտների հայտնաբերմանը, հասարակության բոլոր խմբերի համար բուժման հասանելիությանը:
Տնօրեն Արտակ Մանուկյանը կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող խորհրդատվական աջակցությունը մարզային ՏԲ կառույցներին:
Հանդիպման ընթացքում մասնագետները փոխնախարարներին են ներկայացրել ՏԲ-ի արդյունավետ կառավարման նպատակով կիրառվող էլեկտրոնային տեղեկատվական գործիքները` «eTB manager» տվյալների բազան, ՏԲ-ի Ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից կիրառվող ՏԲ լաբորատոր տվյալների և հակատուբերկուլոզային դեղերի քանակականացման և կարիքների գնահատման բազաները. նպատակը` գնահատել այդ գործիքների ինտեգրումը «Արմեդ» էլեկտրոնային համակարգին: