Ձեր երկրորդ շնչառությունը
Հարգելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով բոլոր հիվանդանոցների՝ թերապևտիկ, թոքաբանական, ինֆեկցիոն և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնված աշխատանքը, կարող ենք փաստել, որ շնչառական սուր վարակները, ինչպես նաև սեզոնային գրիպը դեռ նահանջելու միտում չունեն։
ՀՀ-ում ներկայումս շրջանառվում են գրիպի H1N1, H3,N2 ենթատեսակները, B-գրիպը, ռեսպիրատոր սինցիտալ վիրուսը, ադենովիրուսը, կոռոնավիրուսային հարուցիչները և այլն։ Կլինիկական դրսևորումներով հնարավոր չէ վերջնական ախտորոշել հիվանդության վիրուսի տեսակը, քանի որ հիվանդուրթյունները նմանատիպ են ընթանում, սակայն կան նաև առանձնահատկություններ։
Այս վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, այսինքն մարդը վարակվում է մեկ այլ վարակված մարդու հետ շփման ժամանակ։ Որպեսզի խուսափել վարակը տարածելուց, բուժառուն զգալով հիվանդության նախանշանները՝ կոկորդի ցավ, քթից արտադրություն, հազ, թուլություն՝ պիտի հնարավորինս շուտ մեկուսանա տնային պայմաններում, կրի դիմակ հազալուց կամ փռշտալուց անձեռոցիկով կամ թաշկինակով փակի բերանը, հաճախակի լվացվի, օդափոխի սենյակը և սահմանափակի այլ մարդկանց հետ շփումը։ Երեխաների դեպքում, նախանշանների դեպքում չի կարելի ուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։
Երբ հիվանդությունը կլինիկորեն զարգանում է, առաջանում են բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանահոդացավեր, գլխացավեր։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում խմել առատ հեղուկներ և ջերմիջեցնող դեղորայք։ Եթե ջերմությունը 38-38,5 է, խորհուրդ է տրվում ստանալ սիմպտոմատիկ բուժում՝ ինչը կթեթևացնի հիվանդի վիճակն ու ինքնազգացողությունը։
Բարձր ջերմությունը կարող է տևել 3-5 օր, պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ և մասնավորապես չօգտագործել հակաբիոտիկներ, որպեսզի խուսափել հետագա բարդություններից, քանի որ հակաբիոտիկները արդյունավետ չեն վիրուսների դեպքում։
Եթե բարձր ջերմությունը պահպանվում է 5-6 օրից ավել, կամ իջնում և մի քանի օրից կրկին բարձրանում է և շարունակվում են կլինիկական դրսևորումները՝ հազ, խորխարտադրություն, ընդհանուր թուլություն, շնչարգելություն, պետք է մտածել հիվանդության բարդությունների մասին ինչպիսիք են բրոնխիտը, բրոնխիոլիտը, թոքաբորբը և դիմել բժշկի օգնության։
Խոցելի խմբերում են գտնվում
1. Մինչև 5 տարեկան երեխաները
2. 65+ տարեցները
3. Հղիները
4. Քրոնիկ հիվանդություններ ունեցողները՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այլն
5. Իմունիտետև ճնշող պրեպարատներ ընդունող բուժառուները
6. Բուժաշխատողները
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչը նվազեցնում է հիվանդության և գրիպի բարդությունները։
Կոչ եմ անում դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ գրիպի դեմ պատվաստվելու նպատակով։
Եղեք առողջ։