Ձեր երկրորդ շնչառությունը
Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը Թոքաբանության ազգային կենտրոնի այն բաժանմունքն է, որը կազմակերպում և իրականացնում է տուբերկուլոզի թոքային ձևերով հիվանդների մասնագիտացված ստացիոնար համալիր բուժական և վերականգնողական միջոցառումներ: Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքում, անհրաժեշտ բոլոր հետազոտությունների շնորհիվ, կատարվում է թոքային տուբերկուլոզի կամ թոքային այլ ախտահարումների տարբերակիչ ախտորոշում:
Բաժանմունքը բաղկացած է մանրէազատողների և ոչ մանրէազատողների ենթաբաժիններից: Մանրէազատողների ենթաբաժնում իրենց բուժումը շարունակում են այն հիվանդները, որոնց խորխի մարէաբանական հետազոտման արդյունքում հայտնաբերվել են տուբերկուլոզային միկոբակտերիաներ, որոնք զգայուն են հակատուբերկուլոզային առաջին շարքի դեղորայքի նկատմամբ: Ոչ մանրէազատողների ենթաբաժնում շարունակում են բուժվել հիվանդներ, որոնց խորխի բոլոր տեսակի հետազոտություններով տուբերկուլոզային միկոբակտերիաներ չեն հայտնաբերվել, սակայն, ելնելով հիվանդի կլինիկառենտգենաբանական պատկերից, ախտորոշվում է թոքային տուբերկուլոզ: Թոքային տուբերկուլոզ ախտորոշմամբ հիվանդների բուժումը տևում է մինչև 6 ամիս: Ստացիոնար պայմաններում բուժումը շարունակվում է մինչ պացիենտի խորխի մանրէազերծումը և/կամ նրա վիճակի բարելավումը, իսկ դրանից հետո՝ անցնում է արտահիվանդանոցային բուժման, որը վերահսկում և վարում է տեղամասային տուբերկուլոզային կաբինետի բժիշկ-ֆթիզիատրը:
30 մահճակալային ֆոնդով Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը տարեկան սպասարկում է մոտ 700 պացիենտի, և տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն այստեղ իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
2001 թվականից Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավարն է Էդմոն Գեղամի Սմբատյանը՝ Հայաստանում և արտերկրում բազմիցս վերապատրաստված Հայաստանի լավագույն ֆթիզիատրներից մեկը: Նրա ղեկավարությամբ բաժանմունքում հիվանդների լիարժեք բուժումը կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արդի պահանջներին համապատասխան: