Ձեր երկրորդ շնչառությունը
Մանկական տուբերկուլոզային բաժանմունքը գործում է 1967 թվականից` Թոքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման օրվանից և մինչ օրս սպասարկում է տուբերկուլոզով վարակված մեր մանկական ազգաբնակչությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուբերկուլոզը, որպես վարակիչ հիվանդություն, չի շրջանցում մանկահասակ երեխաներին ու դեռահասներին, և նրանք զգալի մաս են կազմում տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թվի մեջ, անհրաժեշտություն է առաջանում վերջիններիս ախտորոշման և բուժման կազմակերպումն իրականացնել առանձին բաժանմունքում:
Մանկական տուբերկուլոզային բաժանմունքում իրականացվում է տուբերկուլոզի տարբեր ձևերով մանկահասակ երեխաների և դեռահասների լիարժեք բուժում: Այստեղ ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները փոքրիկ պացիենտների բուժումը գրագետ և ճիշտ կազմակերպելու համար: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող բժիշկներն ու հոգատար բժշկական անձնակազմն անում են ամեն ինչ տուբերկուլոզով հիվանդ երեխաների արագ ապաքինման համար: Հիվանդ փոքրիկներին, դեռահասներին, նրանց ծնողներին և խնամակալներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն` տուբերկուլոզի հնարավոր վատ հոգեբանական հետևանքներից խուսափելու նպատակով:
Մանկական տուբերկուլոզային բաժանմունքում հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը իրականացվում է բացառապես անվճար` պետպատվերի շրջանակներում:
Բաժանմունքն ունի 8 հիվանդասենյակ, ընդհանուր թվով 16 մահճակալ, և տարեկան այստեղ բուժում է ստանում մոտ 500 մանկահասակ երեխա և դեռահաս:
2010 թվականից մանկական բաժանմունքը ղեկավարում է մանկական թոքախտաբանության ոլորտում մասնագիտացած, բազմակի անգամ Հայաստանում, Ռուսաստանում, Լատվիայում, Տաջիկստանում և այլ երկրներում վերապատրաստում անցած և երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող բժշկական գիտությունների թեկնածու/բժիշկ-ֆթիզիատր Անիկ Կարլենի Ուլումյանը: