Ձեր երկրորդ շնչառությունը
1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի՝ տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին: Տուբերկուլոզի միկոբակտերիան հաճախ անվանում են նաև Կոխի ցուպիկ: Այս ցուպիկի հայտնաբերմամբ սկիզբ դրվեց տուբերկուլոզի ուսումնասիրման նոր շրջանին և տուբերկուլոզի դեմ պայքարին:
Տուբերկուլոզային միկոբակտերիան, ի տարբերություն այլ բակտերիաների և վիրուսների, դիմացկուն է արտաքին միջավայրում և կարող է իր կենսունակությունը պահպանել ամիսներ, անգամ տարիներ.
մութ և խոնավ պայմաններում - մինչև 7 տարի,
մութ և չոր միջավայրում - 10-12 ամիս,
փողոցային փոշու մեջ - մինչև 2 ամիս,
գրքի էջերին - մինչև 3 ամիս,
ջրի մեջ և հողում - մինչև 5 ամիս,
հում կաթում - 2 շաբաթ,
կարագի և պանրի մեջ - մինչև 1 տարի:
Կոխի ցուպիկը մահանում է.
ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ (3-5 րոպեների ընթացքում),
բարձր ջերմաստիճանների ներգործությամբ (ջրի կամ կաթի եռման դեպքում՝ 15-30 րոպեների ընթացքում):