ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Տեղեկատվություն

ՌՈԲԵՐՏ ԿՈԽ 29.03.2024
ՌՈԲԵՐՏ ԿՈԽ
ՌՈԲԵՐՏ ԿՈԽ

Պոլ դե Կրյուին գրել է. «Առաջինը բոլոր հետազոտողներից, առաջինը բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ ապրել են, Կոխն ապացուցեց, որ որոշակի տեսակի միկրոբը որոշակի հիվանդություն է առաջացնում, և որ փոքրիկ, թշվառ բացիլները հեշտությամբ կարող են դառնալ սպանողները մեծ, ահեղ կենդանու»:

Ռոբերտ Կոխը ծնվել է 1843 թվականի դեկտեմբերի 11-ին Ներքին Սաքսոնիայի Կլաուստալ-Ցելերֆելդ առողջարանային քաղաքում, լեռնային ինժեների ընտանիքում։ Տունը, որտեղ ծնվել է մանրէաբանության ապագա լուսավորիչը, այժմ թանգարան է և համալսարանական քաղաքի նշանավոր տեսարժան վայր:

1862 թվականին 19-ամյա Ռոբերտը հաջողությամբ հանձնեց Գյոթինգենի Գեորգ-Ավգուստի անվ․ դասական գերմանական համալսարանի քննությունները, որն ուներ բարձրարժեք ակադեմիական ավանդույթներ՝ կապված ավելի քան 40 Նոբելյան մրցանակակիրների գործունեության հետ:

1870 թվականին սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը։ Ռոբերտը դարձավ դաշտային հիվանդանոցի բժիշկ։ Ամենադժվար պայմաններում նա անգնահատելի փորձ է ձեռք բերում, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների բուժման գործում, որոնց բռնկումները շարունակական բնույթ էին կրում։ Պատերազմում, կրակի տակ, նա ժամանակ էր գտնում հետազոտությունների, մանրէների ու ջրիմուռների ուսումնասիրության համար։ Հետագա որջ կյանքը Կոխը նվիրաբերեց մանրէաբանությանը։

Նա առաջինն էր, ով հայտնաբերել է սիբիրախտի հարուցիչը (Bacillus anthracis)՝ իր մաքուր տեսքով: Կոխին է պատկանում բակտերիաների ներկման միջոցով ուսումնասիրելու մեթոդը: Նրանից առաջ միկրոբները համարվում էին անգույն, և եթե դրանց խտությունը համընկնում էր շրջակա միջավայրի խտության հետ, ապա մանրէները դառնում էին ամբողջովին անտեսանելի։

Իմերսիոն օբյեկտիվ-ոսպնյակներ օգտագործելով՝ գիտնականը մանրադիտակի խոշորացույցի հզորությունը դարձրեց 1400 անգամ, այն դեպքում, երբ մինչ այդ գյուտը խոշորացույցի հզորության սահմանը 500 անգամ էր:

1880-ականներին տուբերկուլոզից մահանում էր Գերմանիայի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ։ Մի շարք փորձեր և ուսումնասիրություններ կատարելով մահացածների հյուսվածքների վրա, ներկելով ու աճեցնելով սննդային միջավայրերում՝ Կոխն ապացուցեց, որ հենց իր տեսած գունավոր ցուպիկներ են տուբերկուլոզ հիվանդությունն առաջացնողները, որի մասին նա հայտնել է 1882 թվականի մարտի 24-ին Բեռլինում կայացած համաժողովում: Այդ ցուպիկները մինչ օրս հենց այդպես էլ կոչվում են՝ Կոխի ցուպիկներ։ «Տուբերկուլոզի բուժման և հետազոտությունների ու հայտնագործությունների համար» նա արժանացել է Նոբելյան մրցանակի 1905 թվականին։

Չնայած հիվանդությունների ընթացքի վերաբերյալ նրա կատարած բազմաթիվ այլ հայտնագործություններին, հենց տուբերկուլոզն էր գայթակղիչ մնում Կոխի համար։

1889 թվականին Շիբասաբուրո Կիտասատոյի հետ նա բացահայտեց փայտացման հարուցիչն իր մաքուր ձևով։  Ժանտախտի, հետադարձ տենդի, քնախտի, մալարիայի՝ ամենավտանգավոր մանրէները «ընկել են» նրա մանրադիտակի ոսպնյակի տակ մինչև 1907 թվականը: Նա է հայտնաբերել խոլերա առաջացնող վիբրիոնը: 

Կոխը բազմաթիվ մրցանակների և մեդալների դափնեկիր է՝ Հայդելբերգի և Բոլոնիայի համալսարանների պատվավոր դոկտորի կոչումներ, Բեռլինի, Վոլշտեյնի և իր հայրենի Կլաուստալի պատվավոր քաղաքացիություն, ինչպես նաև Բեռլինի, Վիեննայի, Պոզենի, Պերուջայի, Նեապոլի և Նյու Յորքի համալսարանների գիտական ընկերությունների և ակադեմիաների պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Գերմանական թագի շքանշանով, Գերմանական Կարմիր արծվի շքանշանով (առաջին անգամ այս բարձր պարգևին արժանացած բժիշկն է), Ռուսաստանի և Թուրքիայի շքանշաններ։ Նրա մահից շատ անց նա հետմահու մեծարվել է մի քանի երկրներում հուշանվերներով և այլ պարգևներով:

Անվանի գիտնականն իր մահկանացուն կնքեց 1910 թվականի մայիսի 27-ին Բադեն-Բադենում։

Ռոբերտ Կոխի կողմից տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերումից 100 տարի անց մարտի 24-ը ԱՀԿ-ի, ինչպես նաև ՏԲ-ի և թոքերի հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության (IUATLD) որոշմամբ սահմանվել է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: 

 

Նյութը՝ Թոքաբանության ազգային կենտրոնի Հետբուհական ուսումնա-կրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ/բժիշկ-ֆթիզիատր

Լյուբով Նիկոլայանի