Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավարն Էդուարդ Կաբասակալյանն օրեր առաջ մասնակցեցին Մոլդովայում կայացած «Փախստականների և միգրանտների շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի մասին» տարածաշրջանային սեմինարի:
Քննարկման հիմնական նպատակն էր ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ոլորտային համագործակցությունը, մեծացնել փախստականների և միգրանտների շրջանում տուբերկուլոզի բուժման և կանխարգելման համապատասխան ռազմավարությունների և ծրագրերի հասանելիությունը։
Դա հանդիպում էր, որտեղ ներգրավված էին տարբեր երկրների հանրային առողջապահության ներկայացուցիչներ, տուբերկուլոզի (ՏԲ) և բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի (MDR-TB) բարձր ցուցանիշ ունեցող երկրների մասնագետներ, ինչպես նաև պատվիրակներ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի այն երկրներից, որոնք հյուրընկալում են փախստականների:
Մեր մասանգետներն իրենց ելույթներում ներկայացրեցին տուբերկուլոզային իրավիճակը Հայաստանում, միգրանտների և փախստականների շրջանում տարվող այլ երկրների հաջողված փորձի ուսումնասիրման կարևորությունը և տեղայնացումը, ոլորտում հանդիպող խոչընդոտները:
Նշեցին նաև նմանատիպ ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը, գաղափարների փոխանակումը առկա ռեսուրսների, մոդելների և լավագույն փորձի մասին, տուբերկուլոզի ախտորոշման, զննման և բուժման վերաբերյալ ապացույցների վրա հիմնված մոտեցումները՝ կենտրոնանալով փախստականների և միգրանտների վրա:
Սեմինարն ավելի առարկայական պատկերացումներ ձևավորեց Հայաստանում փախստականների և միգրանտների շրջանում տուբերկուլոզային ծառայությունների հասանելիության բարելավման և որակի առումով։