ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Կատարվել է հարողնաշարային շրջանի թարախակույտի հեռացում 26.05.2023
Կատարվել է հարողնաշարային շրջանի թարախակույտի հեռացում
Կատարվել է հարողնաշարային շրջանի թարախակույտի հեռացում

Հիվանդը դիմել է Թոքաբանության ազգային կենտրոն` գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, գիշերային քրտնարտադրությունից, ախորժակի անկումից, քաշի կորուստից, երկարատև 37-37․5 աստիճան ջերմաստիճանի բարձրացումից, ստորին զույգ վերջույթների ցավերից, ֆիզիկական ակտիվության սահմանափակումից։ Բուժառուն, որը 62 տարեկան տղամարդ էր,  բազմիցս ստացել էր ոչ արդյունավետ բուժում բժշկական այլ կենտրոններում։ Արդյունքում իրականացված ՄՌՏ հետազոտության և անամնեստիկ տվյալների հիման վրա հիվանդը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք, որտեղ մանրակրկիտ հետազոտություններից հետո որոշվել է հիվանդին կատարել վիրահատական միջամտություն։

Վիրահատությունը կատարվեց ընդհանուր անզգայացմամբ։ Կատարվել է ձախից լումբոտոմիա. արդյունքում հայտնաբերվել է գոտկային մեծ մկանի հաստության մեջ պարկավորված մեծ չափերի աբսցես, որը բացազատվել է։ Կատարվել է աբսցեսի պարունակության դատարկում և թարախածին թաղանթի քերում, խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։

Վիրահատությունն իրականացվել է  ավագ վիրաբույժ Լևոն Խալաթյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից: 

Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա գտնվում է կենտրոնի մասնագետների հսկողության տակ։

Կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում ալո-և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։