Ձեր երկրորդ շնչառությունը
Պացիենտը մեր կենտրոն դիմել էր տուբերկուլոզային ծագման սպոնդիլիտով (ողնաշարաբորբով)՝ պարանոցային VII և կրծքային I ողերի ախտահարումով, հետըմպանային աբսցեսով։
Օրեր առաջ մեր կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը և վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը վիրահատել են պացիենտին։ Վիրահատությանը հրավիրվել էր նաև հայտնի օրթոպեդ Կարապետ Մոմջյանը։ Վիրահատության անեսթեզիան ապահովել են անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարումյանը և ռեանիմատոլոգ Արսեն Ծատուրյանը։ Պացիենտին կատարվել է աջից պարանոցի առաջային մակերեսի վերանրակային շրջանում մաշկային ծալքի ուղղությամբ կտրվածք ՝ վիրահատական մուտքի ապահովում դեպի հետըմպանային և ողնաշարի C7-Th1 ողերի մարմինների առաջային մակերես։ Հայտնաբերվել է հետըմպանային թարախակույտը, բացազատվել և հեռացվել են ստացված կազեոզ և թարախանեկրոտիկ մասաները։ Կատարվել է վնասված ողերի քայքայված մասերի հեռացում, միջողնային դիսկի քայքայված մնացորդների հեռացում, պիոգեն թաղանթի քերում, խոռոչի լվացում անտիսեպտիկ լուծույթներով, խոռոչի դրենավորում։
Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ և այժմ հիվանդը, խիստ անկողնային ռեժիմի հսկողությամբ, ստանում է համապատասխան բուժում։