ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Զրույց բուժքույր-սննդաբան Գայանե Աբաղյանի հետ 11.06.2021
Զրույց բուժքույր-սննդաբան Գայանե Աբաղյանի հետ
Զրույց բուժքույր-սննդաբան Գայանե Աբաղյանի հետ

Տուբերկուլոզով հիվանդների ընտանիքի անդամները հաճախ են հետաքրքրվում թե ինչպե՞ս պետք է սնվի հիվանդը և ի՞նչ մթերքներ օգտագործի սննդակարգում արագ ապաքինվելու համար:

Նախ նշենք, որ տուբերկուլոզն օրգանիզմի համար «ծանր» հիվանդություն է և դրա հաղթահարման համար օրգանիզմին անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա, որն, իհարկե, հնարավոր է ապահովել բալանսավորված և գրագետ կազմված սննդակարգի միջոցով: Հատուկ սննդակարգը բարձրացնում է դիմադրողականությունը, խթանում օրգանիզմում տեղի ունեցող վերականգնողական պրոցեսները և կարգավորում առկա նյութափոխանակության խանգարումները:

Տուբերկուլոզով հիվանդի սննդակարգում ուշադրություն է դարձվում սննդի կալորիականությանը: Քանի որ հիվանդության ընթացքում գրանցվում է հիվանդի մարմնի քաշի կորուստ, ուստի պետք է բարձրացնել սննդի կալորիականությունը նորմայից 10%-ով, իսկ ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող տուբերկուլոզով հիվանդների համար՝ 20-30%-ով: Սննդակարգում պետք է ներառվեն մթերքներ, որոնք պարունակում են ոչ միայն սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի օպտիմալ քանակ, այլև բավարար քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր:

Տուբերկուլոզով հիվանդների համար խորհուրդ է տրվում սննդի մեջ ավելի շատ օգտագործել.

  • կաթնամթերք (կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ),
  • բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն,
  • մսեղեն (տավարի միս, թռչնամիս) և ձկնեղեն,
  • հատիկեղեն (վարսակ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, լոբի),
  • ընկուզեղեն, չրեղեն, մեղր:

Մեր կենտրոնի ստացիոնարում բուժվող հիվանդների սննդակարգից և սննդի մատակարարման գործընթացից այսօր զրուցել ենք կենտրոնի բուժքույր-սննդաբան Գայանե Աբաղյանի հետ:

Գայանեն մեկ տարի աշխատում է Թոքաբանության ազգային կենտրոնում և համակարգում է սննդի ընդունման, որակի գնահատման և մատուցման գործընթացը: Նա պատմում է, որ պարբերաբար բժիշկ-ֆթիզիատրի, բժիշկ-սննդաբանի և իր կողմից հիվանդների համար կազմվում է հատուկ սննդակարգ՝ հաշվի առնելով տուբերկուլոզի բուժմանն ուղղված դիետաթերապիայի միջազգային չափանիշները: Սննդակարգին համապատասխան յուրաքանչյուր ամիս կազմվում է ստացիոնարում բուժվող հիվանդների ճաշացանկը՝ ապահովելով տվյալ սեզոնին բնորոշ մրգերի, բանջարեղենների բազմազանությունը:

Թոքաբանության ազգային կենտրոնում հիվանդներին մատուցվում է օրական 3 անգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք, որը մատակարարվում է սնունդ պատրաստող կազմակերպության կողմից՝ ըստ տվյալ օրվա հիվանդների քանակի: Հիվանդների սննդի պատրաստումը և մատակարարումը վստահված է սննդի պատրաստման ոլորտում երկար տարիներ մասնագիտացած և լավ համբավ ձեռք բերած մեր գործընկերոջը, ով լիովին  բավարարում է մեր կողմից սննդի, դրա որակի, պատրաստման և մատակարարման սանիտարահիգենիկ բոլոր պահանջներին:

Առաքվող սննդի յուրաքանչյուր չափաբաժին առանձնացված է մեկանգամյա օգտագործման սպասքով, իսկ չոր սնունդը փաթեթավորված է պոլիեթիլենային թաղանթներով: Սնունդը առաքվում է դրա պատրաստումից ոչ ուշ քան մեկ ժամվա ընթացքում: Կենտրոն առաքվելուն պես այն ընդունվում է, հաշվառվում, գնահատվում համն ու թարմությունը, որից հետո արդեն խոհանոցի քույր-տնտեսուհիների կողմից մատուցվում հիվանդներին:

Գայանեն պատմում է, որ հիվանդները ստանում են թարմ, համեղ և, որ ամենակարևորն է, սննդարար ու օգտակար սնունդ: Նախաճաշին հիմնականում մատուցվում է մեղր, կարագ, կաթնամթերք, սեզոնային միրգ, ձվով պատրաստված ուտեստներ, թխվածքաբլիթներ, թեյ: Ճաշին գերակշռում են ապուրները, մսային կամ ձկնային ուտեստները, տարատեսակ աղցանները, մրգային կոմպոտները: Ընթրիքը ներառում է ավելի թեթև ուտեստներ. շոգեխաշած միս կամ ձուկ, տարատեսակ փլավներ, բանջարեղենային աղցաններ, մածուն և թեյ:

Գայանեի խոսքով հիվանդները մեծամասամբ գոհ են լինում ճաշացանկից ու սննդի որակից, և ընտանիքի կողմից հիվանդին լրացուցիչ սնունդ բերելու կարիք գրեթե չի լինում, եթե, իհարկե, հիվանդը յուրահատուկ մթերքներ կամ ուտեստներ չի ցանկանում (կատակում է Գայանեն):

Հոդվածին կից, որպես ճաշացանկի օրինակ, հրապարակում ենք նաև մեր կենտրոնի հունիս ամսվա ճաշացանկը:

 

 

Ֆոտոդարան