Ձեր երկրորդ շնչառությունը
Մայիսի 31֊ին Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի թիմը Գյումրիում էր։ Կայացավ հանդիպում֊քննարկում 2021֊2025 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ` մասնակցությամբ Շիրակի մարզի ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լ. Ասլանյանի, կենտրոնի տնօրինության ։
Արտագնա հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել Շիրակի մարզի տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և հետագա նպատակային գործառույթները։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ֊ում ՏԲ վերացման ազգային ծրագրի միջոցառումների ընթացիկ և հետագա կազմակերպման աշխտանքներին` կարևորելով ամբուլատոր օղակի ֆթիզիատորների հետ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և տեղում առկա խնդիրների վերհանումը, Շիրակի մարզում առկա գոհացնող պատկերը։
Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։
Նման ձևաչափով հանդիպումը, մշտադիտարկման արդյունքների համապարփակ ամփոփումը ողջունվեց տեղի մասնագետների կողմից, որոնք տվեցին իրենց մտահոգող հարցերը։
Առաջիկայում նախատեսվում են արտագնա հանդիպումներ ՀՀ Լոռվա, Տավուշի և Սյունիքի մարզեր։