Ձեր երկրորդ շնչառությունը
Մայիսի 27֊ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ ՀՀ֊ում տուբերկուլոզի վերացման 2021֊2025 թվականների ռազմավարական ծրագրի իրականցման շրջանակներում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հանդիպում֊քննարկում։
Նպատակն էր ներկայացնել և քննարկել Երևան քաղաքի (առաջիկայում նաև ՀՀ մարզերի) տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և հետագա նպատակային գործառույթները։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ֊ում ՏԲ վերացման ազգային ծրագրի միջոցառումների ընթացիկ և հետագա կազմակերպման աշխտանքներին` կարևորելով ամբուլատոր օղակի ֆթիզիատորների հետ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և տեղում առկա խնդիրների վերհանումը։
Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։
Առաջիկայում նախատեսվում են արտագնա հանդիպումներ ՀՀ մարզեր` տուբերկուլոզային կաբինետների և ԱԱՊ օղակի պատասխանատուների հետ։