ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Հոգեբան Մանե Բաղդասարյանը ներկայացնում է պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունների հոգեբանական ասպեկտները տուբերկուլոզի բուժման շրջանակում 26.01.2023
Հոգեբան Մանե Բաղդասարյանը ներկայացնում է պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունների հոգեբանական ասպեկտները տուբերկուլոզի բուժման շրջանակում
Հոգեբան Մանե Բաղդասարյանը ներկայացնում է պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունների հոգեբանական ասպեկտները տուբերկուլոզի բուժման շրջանակում

Սոմատիկ հիվանդությունների, հատկապես տուբերկուլոզի բուժման մեջ մեծ դուր ունի պացիենտի և բժշկի միջև փոխհարաբերությունը, որն իրենից ներկայացնում է հոգեբանական, բարոյական, էթիկական, սոցիալական գործոնների մի ամբողջ խումբ: Այն ազդում է պացիենտի և բժշկի միջև կոնտակտի, հուզական և վարքային կողմերի, միմյանց հանդեպ վերաբերմունքի վրա, ինչպես նաև բուժման հանդեպ պացիենտի մոտիվացիայի և առհասարակ՝ բուժման ընթացքի և դրա արդյունավետության վրա: 
Տուբերկուլոզի բուժման մեջ առավել հաճախ խոսում ենք պացիենտի հոգեբանական վիճակի և դրա կարևորության մասին, հիմք ընդունելով բուժման հիվանդակենտրոն մոտեցումը, հաճախ անտեսելով բժշկի հուզական խնդիրները և իր մոտ հանդիպող դժվարությունները պացիենտի հետ շփման մեջ: Սակայն եթե խոսում ենք բժիշկ-պացիենտ փոխհարաբերության մասին, ընթացքում հանդիպող բոլոր խնդիրների, կոնֆլիկտների ազդեցությունը կրում են թե պացիենտը, թե բուժող բժիշկը, քանի որ բժիշկը նույնպես այդ հարաբերության մաս է կազմում և անտեսել իր հուզական կողմը իհարկե չի կարելի:  
Բժիշկը պացիենտի կյանքի բուժման փուլում նշանակալի անձ է և հաճախ իր որոշումները բուժման հետ կապված կախված են լինում բժշկի՝ իր հանդեպ վերաբերմունքից և իր հետ հարաբերությունից: Բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդը բուժումը կիսատ թողնելու որոշումը չեղարկել է բժշկի հետ արդյունավետ փոխհարաբերության շնորհիվ: Հաճախ ենք խոսում այն մասին, որ տուբերկուլոզի մասին հասարակության մեջ կան սխալ պատկերացումներ. մարդիկ մեծամասամբ տեղյակ չեն հիվանդության տեսակների, փոխանցման ձևերի, անգամ տուբերկուլոզի բուժելի լինելու վերաբերյալ: Հաշվի առնելով այս հանգամանքը, չափազանց կարևոր է, որպեսզի առաջին հերթին բժիշկը ի՛նքը չպիտակավորի պացիենտին և չդիտարկի իրեն միայն որպես հիվանդություն ունեցող մարդ: Բժշկական ոլորտում հաճախ հիվանդության և դրա բուժման մեջ կորում և անտեսվում է պացիենտի անձը, իր կարիքները և պահանջմունքները: 
Պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունը սկսում է նախքան առաջին հանդիպումը, քանի որ երկու կողմն էլ արդեն իսկ ունեն որոշակի պատկերացումներ հիվանդության, բուժման, հաճախ նույնիսկ միմյանց մասին: 
Պացիենտ-բժիշկ փոխհարաբերության թերևս ամենակարևոր փուլն է հիվանդության հայտնումը և հենց այս փուլից է սկսում փոխհարաբերության ակտիվ մասը: Նախ և առաջ հարկ է շեշտել, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի տեղեկացված լինելու իր առողջական վիճակի մասին, այդ թվում հստակ ախտորոշման, բուժման կանխատեսման, մեթոդների, հնարավոր ռիսկերի և անցանկալի հետևանքների մասին։ Տուբերկուլոզի մասին հայտնումը համարվում է վատ լուր, քանի որ որոշակի ձևով, հաճախ նույնիսկ լիովին սահմանափակում է հիվանդի սովորական կյանքը, փոխում է իր առօրյան, հատկապես ստացիոնար բուժմամբ կամ անկողնային վիճակով պայմանավորված, հաճախ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ՝ ֆինանսական, ընտանեկան և այլն: Ախտորոշման հայտնումը հիվանդին պետք է տեղի ունենա նուրբ ձևով, այնպես, որ արդյունքում պացիենտը ընդունի և հասկանա բուժման կարևորությունը, հնարավորինս նվազի պացիենտի կողմից բուռն հուզական արձագանքի, դեստրուկտիվ վարքային դրսևորումների հավանականությունը: Քանի որ հաճախ մարդիկ ունեն սխալ պատկերացումներ, կամ առհասարակ տեղյակ չեն հիվանդության մասին, չափազանց կարևոր է, որ բժիշկը ախտորոշման մասին հայտնելու հետ մեկտեղ հիվանդին տեղեկացնի նաև իր մոտ հայտնաբերված տեսակի մասին հստակ և ամբողջական ինֆորմացիա, ինչպես նաև խթանի հարցեր, որոնք կարող է ունենալ պացիենտը: «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակի վերահսկվող բուժում» ծրագրի շրջանակներում պացիենտների և բուժման մեջ ընդգրկվող ընտանիքի անդամի հետ իրականացվում է կրթական աշխատանք, սակայն կարևոր է, որպեսզի առաջնային և անհրաժեշտ տեղեկատվությունը պացիենտը ստանա բժշկից: Պացիենտի ախտորոշման   մասին տեղեկատվությունը, հետազոտման ընթացքում ի հայտ եկած այլ խնդիրներ բժշկական գաղտնիք են, և բժիշկը առանց պացիենտի համաձայնության իրավունք չունի հրապարակել իր հիվանդության մասին ինֆորմացիա, տեղեկացնել իր ընտանիքի անդամներին և մտերիմներին։ Պացիենտը պետք է վստահ լինի գաղտնիության պահպանման հետ կապված, քանի որ տուբերկուլոզի դեպքում գործ ունենք խոցելի հիվանդության հետ, որից պացիենտը կարող է ամաչել, վախենալ շրջապատի վերաբերմունքից կամ ուղղակի չցանկանալ տեղեկացնել մոտ մարդկանց։ Բժիշկը պետք է հարգի պացիենտի որոշումը։
Պացիենտի մոտ ախտորոշման մասին տեղեկանալուց հետո դեռ որոշ ժամանակ պահպանվում է հուզական, վարքային կամ իմացական արձագանքը հիվանդությանը, և հատկապես հենց այս փուլում շատ կարևոր է բժշկի աջակցությունը հիվանդին: Հուզական աջակցությունը բժիշկ-պացիենտ փոխհարաբերության կարևորագույն մասն է կազմում: Չափազանց կարևոր է, որպեսզի բուժման սկզբից պացիենտը զգա, որ բժիշկը ցանկանում է բուժել պացիենտին, օգտակար լինել իրեն: Սակայն հարկ է նշել, որ բուժման հանդեպ պատասխանատվությունը այս դեպքում չի կարող լինել միակողմանի: Պացիենտի և բժշկի միջև հարաբերությունը պետք է լինի համագործակցող, քանի որ պացիենտն էլ իր պարտականությունները ունի և նույնպես պետք է աջակցի բժշկին բուժման ընթացքում իր պարտաճանաչությամբ և պատասխանատվությամբ:
Բժշկի կողմից պացիենտի հանդեպ հարգանքի և մարդկային վերաբերմունքի հիմքում ընկած է պացիենտի հանդեպ վերաբերմունքը որպես անձի, ոչ թե որպես մեխանիզմի: Բժիշկը պետք է գործի պացիենտի շահերից ելնելով, ուշադիր և հոգատար վերաբերի նրան, անկախ իր ազգային, կրոնական, ռասայական պատկանելիությունից, մշակութային արժեքներից, սոցիալական կարգավիճակից և այլ հանգամանքներից։ 
Մյուս կարևոր կետը, որ կցանկանամ առանձնացնել՝ վստահությունն է: Հարկ է տարբերակել կույր հավատը ձեռք բերված վստահությունից:  Պացիենտը բժշկին ուղղակիորեն կարող է վստահել իսկզբանե, հիմնվելով բժշկի մասնագիտական կարողությունների և որակավորման վրա: Սակայն այն կարող է խաթարվել, օրինակ, բուժման դրական դինամիկայի բացակայության, որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո տեսանելի արդյունք չունենալու դեպքում: Իսկ ժամանակի ընթացքում ձեռքբերված վստահությունը, որը ամրապնդվում է պացիենտի հանդեպ բժշկի դրական վերաբերմունքի, արդյունավետ հաղորդակցման շնորհիվ, ազդում է նաև պացիենտի տրամադրվածության վրա, անկախ վերոնշյալ իրավիճակի՝ բուժումը շարունակելու որոշման վրա: Պացիենտի հանդեպ բժշկի վստահությունը նույնպես ժամանակի ընթացքում է ձևավորվում՝ պացիենտի դեղորայքը ընդունելու պարտաճանաչության, բուժման հանդեպ պատասխանատու վերաբերմունքի, մոտիվացիայի, բժշկի ցուցումներին հետևելու հիման վրա, ինչպես նաև իհարկե բժշկի հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա։
Մարդ-մարդ փոխհարաբերության մեջ աշխատող մասնագետների դեպքում կարևորագույն տեղ ունի մասնագետի կողմից պարզ, մարդկային ապրումակցումը (էմպատիան), որը ոչ  միայն կարևոր, այլև անհրաժեշտ որակ է այս դեպքում բժիշկ-ֆթիզիատորի համար: Քանի որ տուբերկուլոզը նաև սոցիալական կողմ ունի, իսկ բժիշկը պացիենտի համար հիվանդության հետ կապող առաջին կարևոր օղակն է, շատ կարևոր է, որ պացիենտը զգա առաջին հերթին բժշկի՛ կողմից ապրումակցող վերաբերմունք: Ապրումակցումը մարդու ունակությունն է զգալ դիմացինի հույզերը: Բժիշկը կարող է բառերով արտահայտել իր ապրումակցումը. Օրինակ՝ «զգում եմ, որ տխուր ե՞ք», «հասկանում եմ Ձեզ», «տեսնում եմ, որ Ձեզ դժվար է»։ Հարկ է սակայն նշել, որ այս դեպքում միայն բառերը քիչ են, պացիենտը պետք այդ վերաբերմունքը տեսնի նաև բժշկի դեմքի արտահայտության, միմիկայի, ժեստերի, մարմնի դիրքի մեջ: Հարկավոր է ոչ թե խաղալ ապրումակցում, այլ իսկապես ապրումակցել պացիենտին, ինչը նա, վստահաբար կզգա: Իհարկե դա չի նշանակում, օրինակ, ընկնել նույն դեպրեսիվ վիճակի մեջ, կամ ունենալ նույն տագնապային դրսևորումները, որոնք ունի պացիենտը: Ապրումակցման մեջ նաև չափազանց կարևոր է պահել մասնագիտական սահմանները, հոգեբանական հիգիենան, քանի որ ուժեղ ապրումակցումը, պացիենտի հուզական դաշտում երկար ու խորը լինելը, պացիենտի անձնական դաշտ մտնելը, իր խնդիրները լուծելու ցանկությունը կարող է բերել բժշկի մոտ հուզական այրման։ Դրա հետևանքով բժիշկը կարող է ունենալ ֆիզիկական և հուզական հյուծվածություն, հոգնածություն, անքնություն, մոտիվացիայի անկում և այլն։ Այս ամենը անխուսափելիորեն կազդի ոչ միայն նրա աշխատանքի, այլև կյանքի որակի, աշխատանքից դուրս իր կյանքի և հարաբերությունների  վրա: 
    Հաճախ կարող ենք լսել «Բժիշկը պետք է նաև հոգեբան լինի» արտահայտությունը: Սակայն վերոնշյալ մոտեցումը սխալ է, քանի որ բժիշկ և հոգեբան մասնագիտությունները տարբեր են: «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակի վերահսկվող բուժում» ծրագրի շրջանակներում պացիենտների հետ իրականացվում է սոցալ-հոգեբանական խորհրդատվություն, կարիքի դեպքում՝ անհատական հոգեթերապևտիկ աշխատանք։ Բժիշկը պարտավոր չէ՛ և չպե՛տք է լինի հոգեբան, սակայն պետք է ունենա հոգեբանական որակներ, հաղորդակցման հմտություններ․ հուզական աջակցությունը, ապրումակցումը, հարգալից, ընդունող, վստահելի վերաբերմունքը իրականում մարդկային պարզ որակներ են, որոնք բժշկական էթիկայի մաս են կազմում, իսկ դրանց առկայությունը բերում է պացիենտ-բժիշկ արդյունավետ փոխհարաբերությանը և բուժման բարեհաջող ավարտին։

Նյութը ներկայացրեց Թոքաբանության ազգային կենտրոնի հոգեբան Մանե Բաղդասարյանը։