ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Հոգեբան Նարինե Սիրադեղյանը ներկայացնում է տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքի առանձնահատկությունները և բարդությունները 21.03.2023
Հոգեբան Նարինե Սիրադեղյանը ներկայացնում է տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքի առանձնահատկությունները և բարդությունները
Հոգեբան Նարինե Սիրադեղյանը ներկայացնում է տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքի առանձնահատկությունները և բարդությունները

Տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները և դժվարությունները: Նախ և առաջ, առկա են մի շարք բարդություններ աշխատանքի կազմակերպման տեսանկյունից: Թոքաբանության ազգային կենտրոնում հոգեբանի աշխատանքը կազմակերպելու նպատակով առանձնացված են երկու աշխատանքային սենյակներ. խիստ կարևորվում է պացիենտի համար ապահով միջավայրի ստեղծումը, զրույցի կոնֆիդենցիալությունը, սակայն երբեմն, օբյեկտիվ պատճառներից ելնելով, դա հնարավոր չի լինում ապահովել: Օրինակ, պացիենտի առողջական վիճակով պայմանավորված՝ հատկապես արտաթոքային հիվանդների դեպքում, երբ ցուցված է անկողնային ռեժիմ, առհասարակ հնարավոր չի լինում հանդիպումը կազմակերպել հոգեբանի սենյակում, միայնակ՝ առանց այլ անձանց ներկայության և այլն: Այս պարագայում մասնագետից պահանջվում է որոշակի ճկունություն՝ առկա պայմաններում հնարավորինս պրոֆեսիոնալ աշխատելու համար:

Հաջորդ դժվարությունն այն է, որ վարակի վերահսկման կանոններից ելնելով՝ հոգեբանն աշխատանքի ընթացքում պետք է կրի բժշկական դիմակ (ռեսպիրատոր) և բժշկական խալաթ: Անդրադառնալով բժշկական խալաթ կրելու հանգամանքին՝ նշեմ, որ տվյալ պարագայում հոգեբանը պացիենտների կողմից կարող է ընկալվել որպես բժիշկ, թեև փորձում ենք հնարավորինս խուսափել նման ընկալումից. խալաթի վրա առկա է՝ «հոգեբան» գրառումը, ինչպես նաև աշխատանքի ընթացքում պարբերաբար անդրադարձ է կատարվում հոգեբանին անունով դիմելու անհրաժեշտության մասին և այլն: Այնուամենայնիվ, բժշկական խալաթը կարող է խոչընդոտել պացիենտի-հոգեբան կոնտակտի հաստատմանը, թերապևտիկ փոխհարաբերությունների արդյունավետ ձևավորմանը և զարգացմանը: Ուստի հոգեբանից առավել շատ ջանք է պահանջվում, աշխատանքի ընթացքում ավելի շատ խոչընդոտներ են անհրաժեշտ լինում հաղթահարել հոգեբանի կերպարի ճիշտ ընկալման, աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով:

Կոնտակտի հաստատմանը խոչընդոտում է նաև բժշկական դիմակի առկայությունը, ինչը որոշակիորեն փոխում է հոգեբանական աշխատանքի բնույթը: Դարձյալ վարակի վերահսկման նկատառումներից ելնելով՝ տուբերկուլոզով հիվանդը ևս հոգեբանի հետ հանդիպման ընթացքում պետք է կրի բժշկական դիմակ: Այս տեսանկյունից ևս հոգեբանի աշխատանքն ունի իր առանձնահատկությունները: Այսպիսով, հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն է ստանում հույզերի մասին խոսելը, քանի որ դիմակը ևս մեկ անգամ խոչընդոտ է հանդիսանում արտահայտված հույզերի դրսևորմանը և դիմացինի կողմից այդ հույզերի ընկալմանը, քանի որ հանդիպման ընթացքում բժշկական դիմակը ծածկում է ամբողջ դեմքը՝ բացի աչքերից: Արդյունքում հոգեբանից պահանջվում է ավելի շատ խոսել իր և այցելուի հույզերի մասին, օրինակ, ասել այցելուին, որ ժպտում է (ինչի կարիքը դիմակի բացակայության դեպքում ընդհանրապես չի առաջանում),  կամ զարգացնում է աչքերով հույզերը արտահայտելու կարողությունը: 

Հիվանդության վարակելիության հանգամանքը ևս որոշակի խոչընդոտ է ստեղծում պացիենտի հետ կոնտակտի հաստատման տեսանկյունից: Երբեմն ՏԲ հաստատված ախտորոշումով անձինք կաշկանդված են լինում հանդիպման ընթացքում, կարծես, բացասական առումով իրենց բացառիկ են համարում, վախենում են շրջապատի՝ այդ թվում հոգեբանի բացասական արձագանքից, վատ վերաբերմունքից, ամաչում են: Զրույցը հիվանդության, դրա փոխանցման ուղիների մասին զգալիորեն մեղմացնում է սկզբնական տագնապը, օգնում է կոնտակտի հաստատմանը: Պատահել է, որ, երբ խիստ արտահայտված է եղել ամոթը հիվանդության հետ կապված, և այցելուի հետ ուսումնասիրել ենք այդ հույզը՝ ինչից է սնվում այն, ինչի մասին է, այցելուի հետ եկել ենք այն եզրահանգման, որ «ամոթ է շնչելը», ինչը մի կողմից զարմանք, մյուս կողմից էլ ժպիտ է առաջացրել այցելուի մոտ, որը տվյալ պարագայում զգալիորեն նվազեցրել է այդ հույզի ինտենսիվությունն այցելուի մոտ: Ի վերջո, որևէ մեկը ապահովագրված չէ, յուրաքանչյուրս կարող ենք հիվանդանալ տուբերկուլոզով՝ քանի դեռ շնչում ենք:)

Որպես տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատող հոգեբան՝ երբեմն ունենում եմ միտք, որ հիվանդների համար նախ և առաջ ամոքող է լինում հոգեբանի ներկայությունը, չխուսափելը, հիվանդի անձը, հույզերն արժևորելը՝ իհարկե վարակի վերահսկման նպատակով հնարավորինս պահպանելով հիվանդի հետ հաղորդակցման կանոնները: Երբեմն երբ հանդիպման ընթացքում այցելուն հազում է, սկսում է տագնապած հայացքով նայել դեմքիդ՝ կարծես դարձյալ սպասելով խուսափողական վարք քո կողմից, իսկ երբ արձագանքը լինում է՝ «նորմալ է, հանգիստ կարող եք հազալ», կարծես հիվանդն այդպիսով թույլ է տալիս իրեն լինել, վստահել, չամաչել, իրեն լիարժեք զգալ:

Դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների հետ ԹԱԿ ՊՈԱԿ-ում իրականացվող կրթական դասընթացին մասնակցում է նաև վերապատրաստված բուժքույրը: Բուժանձնակազմի հետ հաղորդակցումը ևս ունի որոշակի բարդություններ՝ պատկերացումների, ընկալումների, առաջնահերթությունների տարբերությունների տեսանկյունից: Օրինակ, հանդիպման ընթացքում աչքերի կոնտակտը հավասարապես հիվանդի և նրա ընտանիքի անդամի հետ պահելը, որը կարող է այդքան էլ չկարևորվել տվյալ պահին բուժքրոջ կողմից: Սակայն մեր համատեղ գործունեության ընթացքում աշխատանքը զգալիորեն ներդաշնակ է դառնում, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում մեր գործունեությունը, համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորություն ունի նաև հոգեբան-բժիշկ համագործակցությունը: Քիչ չեն դեպքերը, երբ բուժող բժիշկն է դիմում կոնկրետ պացիենտի հետ աշխատելու նպատակով, կամ իմ կողմից է լինում քննարկումը բուժող բժշկի հետ: Քանի որ, օրինակ, որոշ հիվանդներ ավելի շատ են ունենում կարիքը խոսելու հենց բժշկի հետ իրենց առողջական վիճակին վերաբերող հարցերի շուրջ, որոշ հիվանդներ էլ պարզապես չեն ցանկանում այդ պահին լսել հիվանդության մասին առհասարակ:   

Հարկ է նշել, որ հոգեբանի մասնագիտական էթիկայի սկզբունքներից է նույն անձի ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների հետ չաշխատելը: Հիվանդանոցում հոգեբանի աշխատանքի կազմակերպման առումով այս դեպքում ևս առկա են որոշակի առանձնահատկություններ: Եթե հիվանդի ընտանիքի անդամաների, հարազատների հետ հանդիպումների նպատակը հիվանդությամբ պայմանավորված հոգեբանական հարցերի, հիվանդի հետ հաղորդակցման առանձնահատկություններին անդրադարձն է, ապա հիվանդի հետ աշխատող հոգեբանը հանդիպում և աշխատում է նաև նրա ընտանիքի անդամների կամ հարազատների հետ: Սակայն, եթե հիվանդի ընտանիքի անդամի հետ աշխատանքի ընթացքում առավել խորքային աշխատանքի անհրաժեշտություն է առաջանում, ապա վերջինիս անհրաժեշտ է ուղղորդել այլ մասնագետի մոտ: Այս սահմանը պահպանելը ևս շատ կարևոր է, ինչն իր հերթին կարող է առաջացնել որոշակի բարդություններ:

Այսպիսով, հաշվի առնելով հոգեբանի աշխատանքային միջավայրի առանձնահատկությունները՝ անխուսափելի է մասնագետի մոտ հուզական այրման համախտանիշի առաջացումը: Այստեղ օգնության են գալիս սուպերվիզիաների, բալինտյան խմբերին մասնակցությունը, ինքնախնամքը, որոնք հոգեբանի արդյունավետ աշխատանքային գործունեության ապահովման կարևոր բաղադրիչներն են:

Նյութը ներկայացրեց Թոքաբանության ազգային կենտրոնի հոգեբան Նարինե Սիրադեղյանը։