Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոն է դիմել 46-ամյա տղամարդ` գոտկային հատվածի ցավերով, ընդհանուր թուլությամբ և քայլելու անկարողությամբ։
Մեր կենտրոնում կլինիկո-ռենտգենաբանական հետազոտությունից հետո պացիենտի մոտ հաստատվել է ախտորոշում՝ ողնաշարի գոտկային հատվածի տուբերկուլոզային սպոնդիլիտ։ Նախնական դեղորայքային բուժման փուլից հետո կատարվել է վիրահատություն՝ աջակողմյան լումբոտոմիա, իրականացվել հարողնաշարային թարախակույտի հեռացում։
Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, առանց բարդությունների, հիվանդի մոտ նյարդաբանական խանգարումներ չկան, իրականացվում է դինամիկ հսկողություն։
Վիրահատությունն իրականացրել են Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ ֆթիզիատր, օրթոպեդ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը և բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։ Անեսթեզիան ապահովել է Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը: