ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Retro: ԱՆՑՅԱԼԻ ՏԱՏԱՍԿՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ 15.03.2023
Retro: ԱՆՑՅԱԼԻ ՏԱՏԱՍԿՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Retro: ԱՆՑՅԱԼԻ ՏԱՏԱՍԿՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

19-րդ դարի առաջին կեսերին տուբերկուլոզը (թոքախտ) համարվում էր նրբագեղ և հուզական մարդկանց հիվանդություն, ովքեր տարված են գիտության կամ ստեղծագործական կրքով, ունակ են խորապես զգալ իրական և երևակայական իրադարձությունները. տուբերկուլոզը վերածվել էր ռոմանտիկ ախտորոշման:

Մին՝ «դողդոջ է, գույն չունի»

Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։

Այս խոսքերը խոցեցին տաղանդաշատ, թոքախտավոր պատանի Պետրոս Դուրյանի սիրտը, ով իր ստեղգծագործությունը բերել էր բեմադրման ներկայացնելու:

19-րդ դարի սկզբին բժիշկները, ուսումնասիրելով տուբերկուլոզի պատճառներն ու զարգացումը, սկսեցին վարակի բուժման առաջին փորձերը կատարել։

Ցավոք, այդ համարձակ նախաձեռնողներին դաժան փորձություններ բաժին հասան: Այսպես, 1822 թվականին անգլիացի Ջեյմս Կարսոնը փորձեց բուժել օդի արհեստական ​​ներմղմամբ  հիվանդի թոքամզի խոռոչ, սակայն դրա ձախողմանը հետևող քննադատությունները ստիպեցին այդ մասին մոռանալ, համենայն դեպս, հետագա 60 տարվա ընթացքում: 1890-ականների սկզբին Կոխին հաջողվեց ստանալ տուբերկուլին՝ տուբերկուլոզային կուլտուրաների մզվածք, որը նա ներկայացրեց գիտական ​​հանրությանը որպես տուբերկուլոզի հայտնաբերման և բուժման արդյունավետ միջոց։ Սկզբում որոշակի  հաջողությունները միայն ուրախություն բերեցին, բայց դիտվեցին նաև հիվանդության սրացման, մինչև իսկ մահվան դեպքեր, որոնք զայրույթի պոռթկում առաջ բերեցին՝ անտեսելով հանճարեղ գիտնականի նախորդ վաստակը: 1905 թվականին, երբ բացասական հույզերի հուժկու ալիքը տեղի տվեց, տուբերկուլոզի հարուցչի բացահայտման գյուտից ավելի քան 20 տարի անց  գիտնականին շնորհվեց ֆիզիոլոգիայի (բժշկության) Նոբելյան մրցանակ:

Առաջին հակամանրէային հակաբիոտիկ streptomycin-ի գյուտի (1943 թ.) հեղինակը նույնպես ուղեգորգերով չի քայլել. մանրէաբան Զելման Վաքսմանին էլ հրեական ծագումն է խոչընդոտ հանդիսացել՝  կրթությունը ծննդավայրում շարունակելու և, հետևապես,  1952 թ. ամերիկացու փոխարեն որպես Ռուսաստանի քաղաքացի  Նոբելյան մրցանակի արժանանալու համար։  

Թեև կային դեղորայքային արձանագրություններ՝ ուղղված էին տուբերկուլոզի ախտանիշները մեղմելուն, սակայն ոմանք կողմնակից էին կտրուկ ու սահմռկեցուցիչ միջամտությունների: Այսպես, Ռուսաստանում տուբերկուլոզային լիմֆադենիտի խուղակային ձևերը բուժվել են այրման միջոցով: Մահացողների տառապանքը մեղմելու համար բանկաներ, սնդիկի պատրաստուկներ և կապարի շաքար էին նշանակվում. ինչը հիվանդին տանում էր մյուս աշխարհ ավելի վաղ, քան կհասցներ  թունավորվել:

Դեռևս անտիկ բժշկագիտության դասականները (Գալեն) խորհուրդ էին տալիս տուբերկուլոզը բուժել մաքուր օդում զբոսանքներով, կաթով և ծովային ճանապարհորդություններով, ինչը հնարավոր էր մեկտեղել առողջարաններում, որոնց բացելու անհրաժեշտությունը դարձավ ժամանակի հրամայական պահանջ: Եվրոպայում առաջին տուբերկուլոզի առողջարանը բացվել է Պրուսական Սիլեզիայի Հերբերսդորֆ գյուղում 1854 թվականին: Մինչդեռ գավառական և զեմստվոյական հիվանդանոցներում «հատուկ հիվանդների» համար ստեղծված բաժանմունքներում տրամադրվոող նվազագույն խնամքն անբավարար էր, որտեղ, փաստորեն, հիվանդները «գերեզմանի ճանապարհին վազանցում էին միմյանց»:

Հայաստանում առաջին տուբերկուլոզային առողջարանը 1912-ին բացվեց Դիլիջանում (12 հիվանդի համար, որը 2 տարի անց դադարեց գործել, ապա Գ․ Սաղյանի հետևողական ջանքերով կրկին կյանքի կոչվեց 1923-ին), իսկ 1928-ին՝ նաև Երևանում:

…Այդ ամենն անցյալում է: Այժմ գործող Թոքաբանության ազգային կենտրոնը` հագեցած բժշկագիտության ժամանակակից սարքավորումներով, պատրաստ է տուբերկուլոզով հիվանդներին անվճար, որակյալ մասնագիտական օգնություն ցույց տալ, իսկ թոքային զանազան ախտահարումներով մեր կենտրոն դիմած բուժառուներին, տարբերակիչ ախտորոշում անցկացնելուց հետո, լիարժեք բուժել թոքաբանության բաժանմունքում:

Եղեք տեղեկացված, դիմեք մեզ հիվանդության վաղ փուլում, ինչը ճիշտ ախտորոշման և լիարժեք ապաքինման գրավականն է:

Նյութի հեղինակ` Թոքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ֆթիզիատր, բ.գ.թ., դոցենտ` Լյուբով Նիկոլայան

Ֆոտոդարան