Ձեր երկրորդ շնչառությունը
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է,որն առաջին անգամ նշվել է 1988 թվաիանին: Այս ամսաթիվը խորհրդանշում է երկրագնդում ապրող բոլոր մարդկանց ջանքերի համախմբումն այդ սարսափելի ողբերգության դեմ պայքարում: Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ը կոչ է անում երկրագնդի համայնքին ո'չ միայն հիշել այս հիվանդության մասին, այլև հանդուրժող լինել նրանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են այս հիվանդության կրողը:
Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մոլորակի վրա անվտանգ ապրելու համար ամենաէականը հիվանդության վաղաժամ հայտնաբերումն ու կանխարգելումն է:
Տուբերկուլոզն այն վարակն է, որը առավել հաճախ է հանդիսանում մահվան պատճառ ՄԻԱՎ-ով մարդկանց շրջանում։ ՄԻԱՎ-ն ու տուբերկուլոզն այնքան սերտորեն են միաձուլված, որ դրանց հաճախ անվանում են «համաճարակ համաճարակի մեջ»: Տուբերկուլոզը կարող է զարգանալ ՄԻԱՎ-ով հիվանդի մոտ ցանկացած փուլում, սակայն վտանգն ավելանում է իմունային անբավարարության ժամանակ:
ԱՀԿ-ի տվյալներով 2020 թվականին աշխարհում մոտ 9,9 միլիոն մարդ հիվանդացել է ՏԲ-ով, որից ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կազմում էին ընդհանուրի 8%-ը:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվեցին 1988-ին: 2005-ին արդեն գրանցվեցին ՏԲ/ՄԻԱՎ համավարակի առաջին դեպքերը` 9 հոգի:
Ըստ ԱՀԿ-ի գնահատման` ՀՀ-ում ՏԲ/ՄԻԱՎ հիվանդացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 2021 թվականին` 3, իսկ մահացությունը 1.3:
Այդ նույն թվականին հայտնաբերված նոր և ռեցիդիվ դեպքերից ՄԻԱՎ դրական եղել են 36 դեպք, որից 12-ը` ԴԿ։
Այս երկու վտանգավոր վարակների համակցությունը իրական սպառնալիք էր մարդու կյանքի համար: Ինչպես փաստում է վիճակագրությունը` 2020 թվականին ՏԲ-ից մահացել է 1,5 միլիոն մարդ, այդ թվում՝ 214,000-ը՝ ՄԻԱՎ-ով:
Շատ ընդհանրություններ կան այդ երկու` ՄԻԱՎ և տուբերկուլոզ վարակների նկարագրում. առավելապես արական սեռով անձինք են հիվանդանում, հիմնականում երիտասարդ, արգասաբեր տարիքում, մեծամասամբ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնածներ, որոնցից յուրաքանչյուր երրորդը թմրամոլ է: Թվարկյալ բացասական գործոնների առկայությամբ օրգանիզմի պաշտպանիչ ուժերն ի զորու չեն միայնակ դիմակայել համավարակին, համարժեք հակահարված տալ պատուհասած աղետին` ՏԲ/ՄԻԱՎ ահասարսուռ անունով:
Այսօր, ՄԻԱՎ-ի դեմ ուղղված համաշխարհային պայքարի օրվան իրենց ձայնն են բարձրացնում նաև տուբերկուլոզի դեմ պայքարող մասնագետները` ֆթիզիատրները, իրենց կոչն ուղղելով համավարակի նախանշանների կասկածով անձանց. մի’ վհատվեք, դուք միայնակ չեք, ձեր կողքին են մասնագետները, ովքեր կօգնեն միասին հաղթահարել համավարակը: