ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Ի՞նչ է արտաթոքային տուբերկուլոզը 28.02.2023
Ի՞նչ է արտաթոքային տուբերկուլոզը
Ի՞նչ է արտաթոքային տուբերկուլոզը

Արտաթոքային տուբերկուլոզ

 

Գոյություն ունի ՏԲ-ի կլինիկական մանիֆեստացիայի 2 ձև՝ թոքային ՏԲ (ԹՏԲ) և արտաթոքային ՏԲ (ԱԹՏԲ):

 ԱԹՏԲ է համարվում տուբերկուլոզի տեղակայումը ցանկացած օրգանում, բացի թոքերից (պլևրա, ավշային հանգույցներ, որովայն, միզասեռական համակարգ, մաշկ, ոսկրահոդային համակարգ, գլխուղեղի թաղանթներ և այլն): Բոլոր  ՏԲ դեպքերի մոտ 20%-ը  արտաթոքային ձևերն են:

 ԱԹՏԲ դեպքերը համարվում են դժվար ախտորոշվող, իսկ երբեմն նաև բաց թողնվող դեպքեր, որը ավելի ակտուալ է դարձնում վերջիններիս մասին առկա ինֆորմացիայի բացը լրացնելու հարցը:

 Արտաթոքային տուբերկուլոզով մարդիկ վարակվում են ԹՏԲ մանրէազատող հիվանդ մարդկանց հետ շփման արդյունքում, օդակաթիլային փոխանցման եղանակով: Թիրախ օրգանի ախտահարումը կատարվում է հիմնականում արյան մեջ տուբերկուլոզային միկոբակտերիայի սերմնացրման հետևանքով: Կարող են  նաև վարակվել ավշային համակարգի  միջոցով  կամ հարևան ախտահարված օրգանից: Տուբերկուլոզի հարուցիչով վարակվածների միայն 10%-ի մոտ է զարգանում հիվանդություն: Հիմնական ռիսկի գործոններ են հանդիսանում շաքարային դիաբետը, երկարատև հորմոնալ թերապիան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և այլ գործոններ և հիվանդություններ, որոնք բերում են օրգանիզմի իմունիտետի անկման:

 

Ոսկրահոդային տուբերկուլոզ

 

ԱԹՏԲ դեպքերի մոտ 20%-ը տեղակայվում է ոսկրահոդային համակարգում, որից 50-60%-ը տեղակայվում է ողնաշարում, մնացած դեպքերը  հիմնականում ոսկրերի հարհոդային հատվածներում, առավել հաճախ կոնքազդրային հոդը և ծնկահոդը կազմող ոսկրերում:

 

Ողնաշարի տուբերկուլոզ (Pott-ի հիվանդություն)

 

Հիվանդները գանգատվում են ողնաշարի ցավից, գիշերային քրտնարտադրությունից, քաշի անկումից, ենթատենդային (մինչև 37․50) ջերմությունից, կախված տեղակայումից՝ բարձիթողի դեպքերում կարող են զարգանալ նաև լուրջ նյարդաբանական բարդություններ, պարեզներ (զգայունության և շարժունակության մասնակի կորուստ), պլեգիաներ (զգայունության և շարժունակության մասնակի լրիվ կորուստ), կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներ (ակամա միզարձակման, կղազատման էպիզոդներ):

Ողերի մարմինների, միջողային սկավառակների քայքայումները, հարակից փափուկ հյուսվածքների կամ մկանների «հոսող» թարախակույտերի առկայությունը, ինչպես նաև նյարդաբանական շեղումների առկայությունը սովորաբար վկայում են պրոցեսի սպեցիֆիկ բնույթի մասին: Պետք է տարբերակիչ ախտորոշում անցկացնել այլ բնույթի բորբոքային հիվանդությունների, ուռուցքների, դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների, պարազիտար և այլ ախտահարումների հետ:

Բուժառուի առաջնային զննման ժամանակ ախտահարված ողերի փուշելունների վրա բախումը ցավոտ է, ախտահարված հատվածի հարողնաշարային մկանները կարկամած են (ձգված, լարված), կարող են լինել ողնաշարի ֆիզիոլոգիական ծռումների վիզուալ փոփոխություններ:

Շատ կարևոր է բուժառուի առաջնակի գանգատների առկայության դեպքում դիմել մեր կենտրոնի համապատասխան մասնագետներին՝ պրոցեսի շուտ հայտնաբերման և հետևաբար հետագա վերը նկարագրված բարդություններից խուսափելու համար։ Մեր կենտրոնում կատարվում է արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման և կոնսերվատիվ և վիրահատական բուժման լայնածավալ և պրոֆեսիոնալ մոտեցում։

Նյութը ներկայացրեց վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։