Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոն է դիմել 62-ամյա տղամարդ ` գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, գիշերային քրտնարտադրությունից, ախորժակի անկումից, քաշի կորուստից, երկարատև 37-37․5 աստիճան ջերմաստիճանի բարձրացումից, զույգ ստորին վերջույթների ցավերից, ֆիզիկական ակտիվության սահմանափակումից։ Տղամարդը բազմիցս ստացել էր ոչ արդյունավետ բուժում այլ բժշկական կենտրոններում։
Իրականացված ՄՌՏ հետազոտություն. անամնեստիկ տվյալների հիման վրա պացիենտը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք, որտեղ մանրակրկիտ հետազոտություններից հետո որոշվել է կատարել վիրահատական միջամտություն։
Վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայացմամբ։ Անեսթեզիան ապահովել է Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը: Վիրահատող բժիշկներ` արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը և ավագ բժիշկ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը:
Կատարվել է լումբոտոմիա (աջից): Արդյունքում հայտնաբերվել է գոտկային մեծ մկանի հաստության մեջ պարկավորված մեծ չափսերի աբսցես, որը բացազատվել է։ Կատարվել է աբսցեսի պարունակության դատարկում և թարախածին թաղանթի քերում, խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։
Ողերի մարմինների դեֆեկտը գնահատվել է մինիմալ, բժիշկների կողմից որոշվել է հիվանդին լրացուցիչ տրավմատիզացիայի չենթարկել և տրանսպլանտանտով ֆիքսացիա չկիրառել։
Պացիենտը հետվիրահատական շրջանում գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Հիվանդը գտնվում է կենտրոնի մասնագետների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ Թոքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում` ալո- և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։