Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլո՞զ, թե՞ սուր շնչառական վարակ
Տուբերկուլոզը բազմապատճառ (պոլիէթիոլոգիկ) հիվանդություն է` բազմազան աղբյուրներով, փոխանցման գործոններով և ուղիներով: Փոխացման հիմնական եղանակը օդակաթիլայինն է, սակայն հնարավոր է վարակվել նաև սննդային (հիվանդ կենդանուց ստացված և մշակման չենթարկված կաթնամթերք օգտագործելով), ինչպես նաև ներարգանդային (հիվանդ մորից պտղին) և կոնտակտային (վնասված մաշկով) ուղիներով:
Սուր շնչառական վիրուսային վարակը շնչառական hամակարգի կլինիկական և ձևաբանորեն նման սուր բորբոքային հիվանդությունների մի խումբ է, որի պատճառական գործոնները սովորաբար շնչառական վիրուսներն են։ Հանդիսանում է աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ:
Որո՞նք են հարուցիչները
ՍՇՎ կարող են հարուցել հետևյալ վիրուսները՝ A և B տիպի գրիպի, պարագրիպի վիրուսներ, ռինովիրուս, կորոնավիրուս, SARS-CoV-2, ադենովիրուս, ռեսպիրատոր-սինցիտիալ (RS-վիրուս) և մարդու մետապնևմավիրուսներ, հնարավոր է նաև, որ ՍՇՎ-ն ունենա միկոպլազմային կամ մանրէային ծագում, ինչպես նաև համակցված էթիոլոգիա՝ պայմանավորված մի քանի հարուցիչներով:
Տուբերկուլոզի հարուցիչը միկոբակտերիան է: 2015թ. տվյալներով հայտնի է միկոբակտերիաների 190 տեսակ, որոնք հարուցում են տուբերկուլոզին նման, բայց այլ ախտահարումներ` միկոբակտերիոզներ: Բազմաթիվ միկոբակտերիաներից մարդու համար ախտածին են միայն 3 տեսակը՝ մարդկային, եզան և աֆրիկական:
Ովքե՞ր են հիվանդանում
Անկախ տարիքից, բոլորը կարող են հիվանդանալ ՍՇՎ-ով: Սովորաբար ՍՇՎ-ն և գրիպը ունենում են ոչ ծանր, առանց բարդությունների ընթացք և մարդկանց մեծ մասն ապաքինվում է առանց էական բուժում ընդունելու:
Տուբերկուլոզով հիմնականում հիվանդանում են երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ:
Որո՞նք են ախտանիշները
ՍՇՎ-ի և գրիպի գաղտնի շրջանը, որպես կանոն, չի գերազանցում 3 օրը: ՍՇՎ-ի սկիզբը սովորաբար աստիճանական է, բարձր ջերմություն և թուլություն հազվադեպ են լինում: Գրիպը սկսվում է կտրուկ և բնութագրվում է այնպիսի ախտանշանների սուր զարգացմամբ, ինչպիսիք են մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, սովորաբար չոր հազը, գլխացավը, մկանների և հոդերի ցավը, արտահայտված տկարությունը, վատ ինքնազգացողությունը, հնարավոր է կոկորդի ցավ և հարբուխ, հիվանդությունը տևում է 2-ից 7 օր:
Հիմնականում ակտիվ տուբերկուլոզը ձևավորվում է առաջնային վարակից ամիսներ կամ տարիներ անց` առանց կլինիկական նշանների, բայց ակտիվ տուբերկուլոզի դեպքերի կեսն ի հայտ է գալիս վարակվելուց մեկ տարի հետո:
Տուբերկուլոզի ախտանիշները բաժանվում են 3 խմբի.
Ընդհանուր ախտանիշները դրսևորվում են զանազան գանգատներով, որոնք պայմանավորված են օրգանիզմի ընդհանուր թունավորմամբ (ինտոքսիկացիայով): Դրանք են վատ ախորժակը, օրգանիզմի ընդհանուր թուլությունը, տկարությունը, առատ քրտնարտադրությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, նիհարումը, աշխատունակության կորուստը, դյուրագրգիռ վիճակը: Այս խմբի ախտանիշները, որոնք ընդհանուր են վարակիչ հիվանդությունների դեպքում, ավելի հաճախ հանդիպում են երեխաների, քան չափահասների շրջանում:
Կրծքային ախտանիշներն են հազը, խորխարտադրությունը, կրծքավանդակի ցավերը: Դրանք գերակշռում են մեծահասակների շրջանում:
Բարդությունները նորանոր գանգատներ են ավելացնում՝ շնչարգելություն, արյունախխում, մարմնի այտուցվածություն:
Արտաթոքային տուբերկուլոզը դրսևորվում է ընդհանուր ախտանիշներով, ինչպես նաև տեղային ախտահարման այս կամ այն ձևով:
Բուժում և կանխարգելում
Գրիպով հիվանդ մարդկանց մեծ մասը մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվում է առանց որևէ բժշկական հատուկ միջամտության: Գրիպի ծանր դեպքերը պետք է բուժել հակավիրուսային դեղամիջոցներով` բժիշկների հսկողությամբ, գրիպը հակաբիոտիկներով չի բուժվում:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Տուբերկուլոզը բուժվում է հակատուբերկուլոզային դեղորայքով՝ ֆթիզիատրի հսկողությամբ, որը իրականացվում է Թոքաբանության ազգային կենտրոնում և պոլիկլինիկաների տուբ. կաբինետներում:
ՏԲ հիվանդության վաղ փուլում հիվանդի ախտորոշումը և արդյունավետ բուժման սկիզբը, նախքան այլ մարդկանց վարակելը, համարվում է ՏԲ-ի դեմ կանխարգելման ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը, արդյունավետ բուժումը կարող է նվազեցնել կամ դադարեցնել վարակիչ պացիենտների կողմից հիվանդության փոխանցումը:
Տուբերկուլոզի կանխարգելման գործում առանձին հատուկ դեր ունի պատվաստումը, որը արդյունավետ է հատկապես կորեկանման տուբերկուլոզը և տուբերկուլոզային մենինգիտը կանխելու տեսակետից:
Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ
Նյութը ներկայացրեց դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունք բժիշկ-ֆթիզիատր Լիլիթ Զուրաբյանը